Աշնան հետ երկրում սկսվում է համայնքների խոշորացման երրորդ՝ վերջնական փուլը։ Հերթը հասավ նաև մինչև հիմա ծրագրից դուրս մնացած Արմավիրին ու մյուս մարզերի մեծ ու փոքր բնակավայրերի համախմբմանը, ասում են գործընթացը համակարգող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։
Աշոտ Գիլոյան (ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - 36 նոր միավորված համայնքների փունջ է ձևավորվում, նախկին 441 համայնք ընդգրկվում է դրանց մեջ:
Փաթեթի հետաքրքիր նորույթներից․ Մխչյանից Նարեկ ու Քաղցրաշեն 38 գյուղի միավորելով Արտաշատը կդառնա Հայաստանի ամենամեծ թվով համայնք ունեցող վարչական միավորը։ Այժմ այդ ռեկորդը 36 բնակավայր համախմբող Կապան-Սիսիանինն է։ Միավորումների մեջ չեն մտցվի միայն եզդիների, ասորիների ու մոլոկանների գյուղերը, որ պահպանեն ազգային փոքրամասնությունների դիմագիծը։
Խոշորացումը պետք է որ ավարտվի մինչև տարեվերջ։ Նախագիծը 14-րդ օրն է՝ ինչ տեղադրվել է իրավական ակտերի e-draft հարթակում և ավելի շատ դեմ, քան կողմ ձայն է հավաքել։ Խոշորացումից կոնկրետ իրենք գոհ են, ասում են հարևան գյուղերի հետ 4 տարի առաջ միավորված Արենիում։
Վանիկ Առաքելյան (Արենիի բնակիչ) - Մեծ բյուջե ա, որտեղ մեծ աշխատանք ա պետք՝ մեր գյուղում կլինի, Արենիում, Ռինդում թե Ագարակաձորում կլինի, էդ աշխատանքները հեշտ ա արվում:
Ամենաթարմ օրինակը Արենիի գազիֆիկացումն է։ Լուծվել է նաև աղբահանության հարցը, թվարկում են գյուղամիջում հավաքված տղամարդիկ։
Ավետ Ասատրյան (Արենիի բնակիչ) - Աղբահանության մեքենա ենք ստացել: Գյուղը չե՞ք տեսնում ինչ մաքուր ա, հանդամիջյան ճանապարհները սարքել են:
Ամեն ինչից գոհ են, բացի իրենց գյուղապետին ուրիշների հետ կիսելուց:
Նիկոլայ Մանուկյան (Արենիի բնակիչ) - Ըստ իս՝ խոշորացում պետք չէր, որովհետև ամեն մարդ իրա գյուղապետը կունենար, մեր գյուղապետի հետ ի՞նչ գործ ունես:
Գյուղապետը որ համայնքից է՝ այնտեղ են տրակտորների կայան բացում, դպրոց նորոգում, ծախսում համախմբված բյուջեն, իրենք մնում են կոտրած տաշտակի առաջ, այսպես էլ դժգոհում են միավորվող փոքր բնակավայրերում։ Այս մեղադրանքին Երևանից հակադարձում են՝ ի՞նչ ծրագիր ֆինանսավորել՝ ավագանին միասին է որոշում։ Դրա համար էլ պետք է գյուղը գրագետ ներկայացուցիչ ունենա, որ խնդիրները լուծելու գումարներ բերի։
Աշոտ Գիլոյան - էդ գյուղերում այնպիսի խնդիրներ են լուծվում, որ կյանքում չէին երազի: Ասենք՝ 150 մլն փող է ծախսվում ջրագծի վրա, որն էդ փոքր համայնքը երբեք չէր ունենա:
Հայաստանն այժմ 502 համայնք ունի, որից 52-ն արդեն խոշորացված են։ Համախմբման առաջիկա ծրագրով, ի դեպ, ձևավորվելու են նաև նախկին շրջանների նման համայնքային փնջեր։ Տավուշում, օրինակ՝ իրար են միանալու արդեն իսկ խոշորացած Այրումը, Կողբն ու Նոյեմբերյանը։
Աշոտ Գիլոյան - Հիմա իրանք միավորվում են, այո՛, նախկին Նոյեմբերյան շրջանի գաղափարախոսությամբ:
Նույն տրամաբանությամբ՝ մի փնջի մեջ կհավաքվեն խոշորացված Ստեփանավանը, Գյուլագարակն ու Լոռիբերդը և այդպես շարունակ։ Եթե Կառավարությունն ու Ազգային ժողովը հաստատեն, ու խանգարող հանգամանք չլինի, երկիրը շուտով վարչատարածքային նոր ձևավորում կունենա, աշխատանքային քարտեզներն է ներկայացնում Աշոտ Գիլոյանը։
Առաջիկա խոշորացմանը Կառավարության նիստում նաև փոխվարչապետն անդրադարձավ: Հիշեցրեց՝ նոր միավորվող համայնքների համար ՏԻՄ ընտրություն է նշանակված դեկտեմբերի 5-ին։
Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները, դեկտեմբերի 5-ի դրությամբ մենք կունենանք նոր միավորումներ։
Համայնքների միավորումից հետո կսկսվի ծառայությունների ապակենտրոնացման ռեֆորմը։ Խոշորացման վերջնարդյունքում նախատեսվում է, որ երբեմնի 903-ի փոխարեն Հայաստանը կունենա 71 միավորված, 6 ազգային փոքրամասնության, մայրաքաղաք Երևանն էլ հետը՝ ընդհանուր թվով՝ ընդամենը 78 համայնք։