Այսօր Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։
ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան, հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։
ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։
«Լիտվայի նվիրաբերությունը և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների գործարկումը «Եվրոպայի թիմ» մոտեցմամբ ներշնչված՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, ԵՄ պատվիրակության և ՀՀ պետական մարմինների միջև համագործակցության մարմնավորման շատ վառ օրինակ է։
ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի Հայաստանում նորից տարածվող Քովիդ-19 վարակի դեմ պայքարում։
Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։