Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Լուսակերտում ԱԻՆ-ն այս տարվա ամենամեծ վարժանքն է անցկացնում, որին ներգրավված են փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Ուսումնական վարժանքին ներկա է եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչով է կարևոր ուսումնական վարժանքը, Գրիգորյանը ասել է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, այսպիսի կարողություններ ստեղծելն արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շատ կարևոր է:
«Կարծում եմ՝ այս վարժանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպիսի կարողություններ ենք ձեռք բերել: Հետաքրքիր է, որ անցած տարվա վարժանքներին որոշակի տեխնիկա դեռ չկար, դրոնների տեխնիկան շատ չէր օգտագործվում: Այս առումով շատ գնահատելի է կատարված աշխատանքը»,- նշել է Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման:
«Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծենք»,- ասել է Արմեն Գրիգորյանը: