Հայաստանի կառավարությունն առաջիկա 5 տարվա համար պլանավորում է ապահովել Համախառն ներքին արդյունքի տարեկան միջինում 7 տոկոս աճ: Հենց այս թիվն է ամրագրված գործադիրի ծրագրում: Դա պետք է նպաստի ծայրահեղ աղքատության վերացմանն ու նվազեցնի բնակչության աղքատության ցուցանիշը: ՀՆԱ-ի պլանավորված աճը մասնագետներն իրատեսական են համարում:
Հայկազ Ֆանյան, տնտեսագետ - Բավականին հավակնոտ ցուցանիշ է: Այդ 7 տոկոսը տարբեր կառավարությունների համար եղել է թիրախային: 2019 թվականի համար ներկայացվեց 5 տոկոս: Ներկայիս 7 տոկոսը հավակնոտ է, բայց իրատեսական: Հնարավոր է ապահովել միջինը 7 տոկոս աճ՝ 5 տարիների ընթացքում:
Կառավարության ծրագիրը ներառում է նաև 2021 թվականը: Այս տարվա 7 ամսվա տվյալով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ հունվար-հուլիսի համեմատ աճել է 5,2 տոկոսով: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը չի բացառում, որ տարեվերջին հաջողվի հասնել թիրախային ցուցանիշին, սակայն կարևորում է աճի որակը:
Բագրատ Ասատրյան, տնտեսագետ - Թվաբանորեն հնարավոր է: Բայց այստեղ մի շատ կարևոր բայց կա, խոսքը որակի մասին: Ըստ էության, 2021 թվականը մեր տնտեսության համար վերականգնվելու տարի է: Մենք ունեցել ենք 7.5 տոկոս անկում: Մեզ պետք է 7.5 տոկոս աճ:
Մասնագետների կարծիքով՝ պետությունը պետք է տնտեսությունը զարգացնի ոլորտ առ ոլորտ՝ լուծելով ստույգ ուղղությունների կոնկրետ խնդիրները: Երկարաժամկետ զարգացման և դրական ցուցանիշներ գրանցելու առումով իրենց դերն են խաղալու նաև խոշոր՝ հիմնականում ենթակառուցվածքային նախագծերը: Այս պարագայում խոսքն, առաջին հերթին, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման մասին է:
Հայկազ Ֆանյան - Առանձնահատկությունն ինչումն է կայանում, որ իրենք շինարարության փուլում ստեղծում են բավական լուրջ ավելացված արժեք տնտեսության համար, իսկ հետագա ժամանակահատվածում ապահովում են հարակից տնտեսական էֆեկտ: Օրինակ՝ Վրաստանի տնտեսական աճը պայմանավորված է ենթակառուցվածքային նախագծերով:
Հյուսիս-հարավի 5 տրանշից ամբողջությամբ ավարտված է միայն առաջինը: Այժմ լայնածավալ շինաշխատանք է տարվում երրորդ տրանշում՝ Թալին-Գյումրի հատվածում: Մոտակա հինգ տարում պետք է մեկնարկի նաև ճանապարհաշինության մասշտաբային այս ծրագրի Սյունիքի հատվածի իրագործումը: Բացի Հյուսիս-հարավից, տնտեսական ցուցանիշների վրա կազդի կապիտալ ծախսերի իրականացումը, որը ենթադրում է տարբեր ենթակառուցվածքների ստեղծում: Նախորդ տարիներին այս ուղղությամբ թերակատարում է գրանցվել: ՀՆԱ-ի ավելացման մյուս կարևոր գործոնն արտաքին ռիսկերի նվազեցումն է՝ արձանագրում է Բագրատ Ասատրյանը:
Բագրատ Ասատրյան - Շատ ժամանակ 7-8 տոկոսը պայմանավորված է եղել արտաքին ազդակներով, որոնք եղել են դրական: Հակառակը եղել է 2020 թվականին, երբ բացասական միտումը ոչնչացրեց աճի պոտենցիալը: Մեր տնտեսությունը դեռ պաշտպանված չէ արտաքին և ներքին ռիսկերից: Խնդիրները լուծված չեն, մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ:
Հայաստանի տնտեսությունը չունի ուղիղ կախվածություն էներգակիրներից: Փոխարենը՝ ցուցանիշների վրա կարող է ազդել մետաղների, մասնավորապես՝ պղնձի գնի տատանումը: Այժմ այն իր պատմական մաքսիմումին է հասել: Սակայն, հեղինակավոր ներդրումային բանկերից «Գոլդման Սաքսը» կանխատեսում է, որ 2025 թվականին պղնձի գինն այժմյան 9400 դոլարից մեկ տոննայի համար կհասնի 15 հազար դոլարի: