Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ընդգծել է Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը 2020 թվականին Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում: Նա նաև անդրադարձել է եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացին՝ դրական գնահատելով այն:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Խոսելով անցած տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին մեր նախագահի ջանքերի մասին Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների հասնելու հարցում: Դրանք հիմա հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է բանակցություններն այդ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ:
ԻՆՉՊԵՍ ՍՏՈՐԱԳՐՎԵՑԻՆ ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար բացահայտել է նաև, թե ինչ բովանդակությամբ նամակ էր հղել ՀՀ արտաքին գործերի այն ժամանակ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ: Գրության մեջ վեց բառ է եղել. «Էդվարդ, համաձայնվիր արձանագրությանը՝ առանց հայտարարություններ անելու»:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Կոնտեքստն այն էր, որ 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, գործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Մենք ասացինք` դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ո՛չ, նախապայմաններ չկան: Հետո գործը հասավ ստորագրմանը, այն պլանավորված էր Ցյուրիխում՝ բնականաբար, Հայաստանի, Թուրքիայի նախարարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան ու ևս ինչ-որ մեկը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո՛, մենք այդ ամենը կստորագրենք, բայց մենք պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը եկել են, և՝ փակուղի: Արդյունքում՝ թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
Լավրովը պատմել է, որ թուրք նախարարը նշել է, որ եթե Նալբանդյանը հայտարարություն անի, ինքն էլ կանի: Երբ հայ և թուրք նախարարների վեճը շարունակվեց, Ռուսաստանի արտգործնախարարը որոշեց նամակ գրել Հայաստանի արտգործնախարարին: Դրա արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, թեև հետո գործընթացը առկախվեց, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ցյուրիխյան արձանագրությունների պատմությունը ներկայացնելուց հետո Սերգեյ Լավրովը հավելել է, որ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքեր, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, և Մոսկվան էլ պատրաստ է աջակցելու: