ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ հետպատերազմական իրավիճակում փառատոները զուտ փառատոներ չեն, այլ հանրային ինքնահաղթահարման ակցիաներ:
«Ըստ էության, մենք այսպիսով հաստատում ենք կյանքի և հանրային հարաբերությունների, մշակութային գործընթացների շարունակականությունը և մեր հաստատակամ կամքը: Կարևոր է այս իրավիճակում, այս պայմաններում գտնել ուժ ու թույլ չտալ, որ կարևորագույն պրոցեսներն ավարտվեն: Սա միայն ներքին բարոյահոգեբանական վիճակի հաղթահարման ակցիա չէ: Պատահական չէ, որ փառատոնն ընդգրկել է նաև այնպիսի ֆիլմացանկ, որն օգնում է հասկանալու, թե տարբեր պատմական իրողություններում և շրջաններում ինչպես են հաղթահարվել հանրային ճգնաժամերը: Այսինքն՝ ֆիլմի, կինեմատոգրաֆի միջոցով ուղենիշեր են տրվելու հանրությանը, և օգնելու ենք, որ ի վերջո չթուլանան կամքը, լավատեսությունը, պետության և պետականության գիտակցումն ու պատասխանատվությունը յուրաքանչյուր միավորի հանդեպ»,- ասել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել կինոփառատոնի կազմակերպչական թիմին, իսկ փառատոնին մաղթել է բարի ընթացք:
Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրել է կինոփառատոնի այս տարվա պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ-դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է:
«Պաստառը ոչ թե զուտ սիմվոլիկ և տեսողական աչք շոյող բաղադրիչ է, այլ մի բան, որը թելադրում է այն հայեցակարգը, որով շարժվում է տվյալ տարվա փառատոնը»,- ընդգծել է Կարեն Ավետիսյանը և ներկայացրել փառատոնին հյուրընկալվող և միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչների անունները, ցուցադրվող բազմաժանր և բազմաբովանդակ ֆիլմերը:
Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանն էլ ներկայացրել է «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր` Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից: Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը: Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: