Սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալ և Արտաքին գործերի և զարգացման Ֆորին օֆիսի արարողակարգի ծառայության տնօրեն Վիկտորիա Բասբիին:
Շնորհավորելով դեսպանին ՄԹ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Վիկտորիա Բասբին հաջողություն է մաղթել Վարուժան Ներսեսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարի մաղթանքների համար և շեշտել, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ բնագավառներում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են այս տարվա նոյեմբերին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին (COP26), որի համատեքստում դեսպան Ներսեսյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը իր կառուցողական ներդրումն ունենալու այդ գլոբալ խնդրին նվիրված կարևորագույն միջոցառման աշխատանքներին։