Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտությունը երկու օր շարունակ կհնչի Գյումրիում: «Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի ժամանակ կխոսեն, կպատմեն կոմպոզիտորի մասին, կդիտեն ֆիլմ ու կլսեն նրա ստեղծագործությունները: Սեպտեմբերի 4-ին փառատոնի գիտական մասն է, հաջորդ օրը՝ համերգային ծրագիրը:
Մարինե Օթարյան (Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն) - Մեր ժողովրդական լեզվով ասած՝ Ձիթողցոնց բակում երեկոյան կայանալու է մի աննախադեպ համերգ, որին մասնակցելու են հայ անվանի երաժիշտները, նաև մեր պատանի երաժիշտները: Սրանով մենք ցանկացել ենք կայացնել մշակութային երկխոսությունը:
Կոմպոզիտորի 150-ամյակին նվիրված փառատոնը ևս մեկ առիթ է Սպենդիարյանին լսելու, բայց պետք է դառնա մշակութային քաղաքականություն՝ տուն-թանգարանի տնօրենի կարծիքն է:
Մարինե Օթարյան - Մեր նպատակը Սպենդիարյանի ստեղծագործությունները հնչեցնելն է: Եթե մեր արվեստագետները իրենց երգացանկում ունենան Սպենդիարյան, մենք սրանով արդեն կհանրահռչակենք Սպենդիարյանին:
Այդպես Սպենդիարյանին կլսեն ոչ միայն հատուկ օրերին:
Բարսեղ Թումանյան (օպերային երգիչ) - Մենք մեր հայկական երաժշտությունը քիչ ենք լսում, 150-ամյակը չպետք է լինի, որ մենք կարևորենք, ուրախանանք, փառատոնի վերածենք, մեզ համար ամեն մի ունկդրումը պետք է փառաբանվի, երաժշտությունը ինքը փառաբանություն է:
Իսկ Սպենդիարյանի երաժշտությունը, ըստ օպերային երգչի, հատուկ է:
Հայկ Մելիքյան (դաշնակահար) - Էնտեղ ուներ վալսեր, մազուրկաներ, գրված դասական եվրոպական ոճերում, շատ հետաքրքիր էր հանել դրանք, հետևել դրանց անցումը հայկականին, ինչպես է Սպենդիարյանը տանում դեպի հայկականը:
Կոմպոզիտորի 150-ամյակը կնշվի նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Մարինե Օթարյան (Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն) - Լոնդոնում հոկտեմբերի 12-ին կկայանան Սպենդիարյան-150, Բաբաջանյան-100 մեծ համերգ, դասախոսություն, ցուցահանդես:
Միջոցառումներ կլինեն նաև Թբիլիսիում և, առհասարակ, այն քաղաքներում, որտեղ կոմպոզիտորի հետքը կա: