Նյութը ՆԱՍԱ-ն է ստեղծել՝ որպես ջերմամեկուսիչ: Հետո ֆիզիկոսները բացահայտել են՝ նյութին տալով ճիշտ օպտիկական հատկություններ, հնարավոր է օգտագործել Չերենկովյան լույսի գեներացման համար:
Արթուր Մկրտչյան (գիտաշխատող) - Ունենալով մի քանի նյութ իրար հերթականությամբ շարած՝ կարողանում ես տեսնել՝ ո՛ր նյութերը քեզ լույս տվեցին, կարողանում ես հասկանաս՝ ի՛նչ մասնիկ դու գրանցեցիր:
Փոքր մասնիկներից մինչև տեսանելի գիտափորձեր՝ գիտավանում: Նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած Ալիխանյան եղբայրներ փողոցի գիտավանը մեկ հարկի տակ է հավաքել տասնյակից ավելի գիտական ինստիտուտների՝ հանրությանը ցույց տալու գիտական ձեռքբերումներն ու արդեն կիրառության փուլ մտած գիտափորձերը:
Արփինե Փիլոյան (ԱԱԳԼ հիմնադրամի գիտական քարտուղար) - Սա նշանակում ա, որ էս հնարավորությունը, էս միավորումը, ոգևորությունը բաց թողնել չի կարելի, և էստեղ ա սկսում Հայաստանի ապագան:
Գիտաշխատողների համար կառուցված բնակավայրում տարիներ շարունակ գիտնականները ցուցադրել են բնագիտական ուղղությունների հաջողությունները: Գիտնականների նոր սերունդը նպատակ ունի ոչ միայն պահպանել տարածքը, նաև զարգացնել արդեն անվանի գիտնականների սկսած և անավարտ հետազոտությունները:
Լուսինե Գրիգորյան (Ֆիզիկայի գիտավանի բնակիչ) - Էստեղ ապրում են մարդիկ, որոնց համար մեկ չէ, թե իրենց թաղամասում ինչ է կատարվում, որ էստեղ կա էն գիտնականների ժառանգությունը, որի մասին անընդհատ խոսում են, որ էս թաղամասին պետք է իրոք յուրահատուկ վերաբերմունք, լինի կրթության, ճարտարապետության, շինթույլտվությունների իմաստով:
Ինչպես են արագ փոփոխվում քիմիական երևույթները, ֆիզիկայի դեռևս ուսումնասիրվող կամ արդեն բացահայտված ուղղությունները, բնագիտական երևույթների գաղտնիքների պարզ բացատրությունները կողք կողքի տաղավարներում բացատրում են երիտասարդ և փորձառու գիտնականները: Նախաձեռնողները սա համարում են ևս մեկ ճանապարհ՝ գիտության հանրայնացման համար:
Տիգրան Շահվերդյան («Գիտուժ» նախաձեռնության անդամ) - Հաստատ կհետաքրքրի հասարակությանը, հատկապես երեխաներին, որպեսզի իրենք ընտրեն էնպիսի մասնագիտություններ, որ հենց գիտության վրա են հիմնված, կամ հենց գիտնականներ դառնան, որ շատ պակասում ա:
Կիրառության փուլ մտած ռոբոտը հնարավորություն է տալիս վտանգավոր ռադիոակտիվ նյութերի հետ աշխատել անվտանգ հեռվից, այսինքն՝ հեռու տարածքից միջամտել աշխատանքներին՝ չվնասելով առողջությունը:
Միջոցառումը նպատակ ունի նաև շատ այցելուներ հրավիրել գիտավան՝ ծանոթացնելու անվանի գիտնականների, որոնք կես դար և ավելի բնակվում են բանավանում, շարունակում աշխատել գիտության առաջընթացի համար:
Գևորգ Քառյան (ԱԱԳԼ հիմնադրամի գիտական գծով փոխտնօրեն) - Ցույց տալով, թե ինչպես է աշխատում բնությունը, հետաքրքիր գիտափորձեր ցույց տալով՝ մենք կարծում ենք՝ դա կօգնի նրանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը, հետագայում մենք պատրաստ ենք ընդունել նրանց մեզ մոտ որպես լիարժեք գործընկերների:
Նախաձեռնողները նախատեսում են միջոցառումը դարձնել ամենամյա: Վստահեցնում են՝ բնության երևույթները, գիտական բացահայտումները պետք է հասկանալի լինեն նաև հանրությանը: