ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՕԳՆԵԼ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ
Վաշինգտոնը չի պատրաստվում օգնել «Թալիբանի» հակառակորդներին, այդ թվում՝ Փանջշերի նահանգում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ ընդգծելով, որ Աֆղանստանում Միացյալ նահանգների առաքելությունն ավարտվել է: Կիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի հեռահար թիրախային հարվածներ հասցնել Աֆղանստանում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին, սակայն դա չի նշանակում, որ Աֆղանստանում ռազմական առաքելությունը շարունակվում է:
ՌԴ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Ռուսաստանը չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Աֆղանստանում իշխանության եկած թալիբների և նրանց դիմադրող ուժերի միջև, որոնք կենտրոնացել են Քաբուլից հյուսիս գտնվող Փանջշերի հովտում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով` Փանջշերում իրադրության խաղաղ կարգավորման հարցում լուրջ անելիք ունի պաշտոնական Դուշանբեն: «Տաջիկստանի մեր դաշնակիցներին առանձնահատուկ դերակատարում է վերապահված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փանջշերի հովտում հենց աֆղանստանցի տաջիկներն են բանակցություններ վարում թալիբների կենտրոնական կառավարության հետ։ Հուսով եմ, այդ բանակցությունները չեն դադարեցվի և կավարտվեն համաձայնությամբ»,- նշել է Լավրովը։ Փանջշերում մարտերը թեժացել են: Այն շարունակում է մնալ Աֆղանստանի միակ տարածքը, որը թալիբները չեն գրավել:
ԱՄՆ-Ը ՀԵՏԵՎՈՒՄ Է ԹԱԼԻԲՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Միացյալ Նահանգներն Աֆղանստանում աղբյուրներ ունի արմատական «Թալիբան» շարժման գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, չնայած այս շաբաթ ԱՄՆ բոլոր զինվորականներն ու դիվանագետները լքել են երկիրը, հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք կօգտագործենք մեզ հասանելի տեղեկատվության ցանկացած աղբյուր՝ հասկանալու, թե ինչպես են թալիբները կատարում իրենց ստանձնած պարտավորությունները»,- ասել է Փրայսը:
ԼՈՆԴՈՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԻ «ԹԱԼԻԲԱՆԻ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լոնդոնը չի ճանաչի «Թալիբանի» իշխանությունը, բայց կգործակցի նրանց հետ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։
«Մենք չենք պատրաստվում ճանաչել «Թալիբանը»։ Դրա հետ մեկտեղ մենք զգում ենք այդ շարժման հետ ուղղակի շփումների անհրաժեշտություն։ Նման շփումների պարագայում է միայն հնարավոր ուղերձներ փոխանցել և ստանալ դրանց պատասխանը»,- հայտարարել է Ռաաբը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը գնահատում է Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանած շարժման առաջին քայլերը։ Խոսքն առաջին հերթին Աֆղանստանից մարդկանց տարհանման մասին է: