Արտակարգ իրավիճակների նախարարությունը այս տարվա ամենամասշտաբային ուսումնավարժանքներն է անցկացնում: Պայմանական սցենարով Կոտայքի մարզի Գառնի գյուղից 3 կմ հարավ արևմուտք տեղի է ունեցել 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. փրկարարներն աշխատում են աղետի գոտում: Նախարարությունն առաջին անգամ նորագույն տեխնոլոգիաներ է կիրառում:
Արմեն Գասպարյան (ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն) - Առաջին անգամ մեր ծառայության մեջ օգտագործել ենք ԱԹՍ-ներ, դրանց միջոցով ինֆորմացիայի ստացումը, տարածքի հետախուզումը, հետախուզման արդյունքների տրամադրումն ինչպես ղեկավարման շտաբ, այնպես էլ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Վարժանքն անցավ բարեհաջող, մտացածին բոլոր սցենարներն իրականացվել են 100 տոկոսով:
Ավելի քան 150 փրկարար, օդային տեխնիկա ու 20 մարտական հաշվարկ են մասնակցում ուսումնական վարժանքներին, որոնց հետևում են նաև պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արտակարգ իրավիճակների նախարարն անձամբ է հյուրերին ներկայացնում տեխնիկական հնարավորությունները: Անդրանիկ Փիլոյանը պլանային վարժանքներից գոհ է:
Անդրանիկ Փիլոյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Այն, ինչ մենք ուզում էինք ցուցադրել, նաև՝ ինքներս տեսնել, ամբողջովին կարողացանք տեսնել և ցուցադրել մեր հյուրերին և մեր գործընկերներին, իսկ նման վարժանքներ, բնականաբար, մենք մշտապես անց ենք կացնում, որպեսզի կարողանանք տեսնել մեր ծառայողների գործնական ունակությունների վիճակը, գնահատել նրանց գործնական գիտելիքները:
Դեպքի վայրում բացազատվել են տարբեր ուսումնական կետեր: Մեկում հետախուզությունն է աշխատում, մյուսում՝ հոգեբանական, բժշկական աջակցություն են ցուցաբերում, երրորդում էլ վտանգավոր իրավիճակ է. երկաթուղու գլանատակառից ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել: Փրկարարները ճշտում են ամոնիակից առաջացած ամպի տարածման ուղղությունը, սահմանազատում վտանգավոր տարածքը և ռադիոկապով զեկուցում ուսումնական տեղամասի ղեկավարին:
Գարեգին Հակոբյան (ՀՀ ԱԻՆ Երևանի ՓՎՓ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ) - Գլանատակառի արտահոսքի փակման աշխատանքն էր հիդրավլիկ սարքավորումների, բարձիկների միջոցով, միաժամանակ նաև անձրևացայտ է տեղի ունենում, որպեսզի ամոնիակի արտահոսքով քիմիական նյութը բնակելի հատված չներթափանցի:
Մեկ այլ ուսումնական կետում էլ շենքի փլուզման հետևանքով ավտովթար է եղել: Մի կողմից փրկարարները, մյուս կողմից՝ շտապօգնության աշխատակիցներն են գործի անցել:
Ըստ նախնական տվյալի՝ երկու տուժած կա: Մեքենայից նրանց անվտանգ դուրս բերելու համար փրկարարները նախ մեքենայի վերնամասն են կտրում: «Կարևորը՝ ժամանակին ու ճիշտ բուժօգնություն ցույց տան»,- ասում է փոխգնդապետ Ներսիսյանը:
Արմեն Ներսիսյան (ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ փրկարարական ցիկլի պետ) - Այժմ փրկարարների օգնությամբ իրականացվում են անվտանգության միջոցառումներ և առաջին բուժօգնություն տուժածներին, որտեղ կա կոտրվածքով տուժած և գիտակցությունը կորցրած վարորդ: Կիրառվում է փոքր մեխանիզացիայի միջոցներից հիդրավլիկ լրակազմը, քանի որ պայթյունավտանգ իրավիճակ կարող է լինել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ուսումնական վարժանքներն ավարտեց 45 րոպեում: Նախարար Փիլոյանը արձանագրեց՝ գերատեսչության բոլոր ստորաբաժանումներն իրենց փրկարարներով մարտական խնդիրը գերազանց են կատարել: