Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը ակտիվացվել են սեպտեմբերի 3-ի գիշերը Դամասկոսի շրջանում մի քանի թիրախների վրա Իսրայելի օդային հարվածից հետո, հայտնում է SANA գործակալությունը: Սիրիական պետական հեռուստատեսությունն էլ հաղորդել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել արձակված օդ-երկիր հրթիռների մեծ մասը, զոհեր չկան:
Հրթիռների խոցումն Իսրայելի կենտրոնական մի քանի քաղաքում լսվել է որպես ուժեղ պայթյուն:
Երկու շաբաթ առաջ էլ սիրիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ պայթյունների ձայներ են լսվել Դամասկոսում և նրա շրջակայքում: Սիրիական պետական լրատվական գործակալություններն այն ժամանակ հայտնել էին, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ագրեսիան մայրաքաղաքի տարածքում:
Իսրայելական բանակը հայտարարում է, որ թիրախում «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներն են: