ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը:
Հատուկ կարևորվել է, որ ներկայում Հայաստանն անում է առավելագույնն օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետևում և բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:
Նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` նախարար Խաչատրյանն առանձնակի կարևորել է Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցությունը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։