Պենտագոնը հերքել է Սիրիայի երեք հենակետերից ամերիկյան զինուժի դուրսբերման մասին ավելի վաղ իրանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները: Այդ մասին հայտնել է РИА Новости-ն՝ փոխանցելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:
«Մենք շարունակում ենք մեր առաքելությունը Սիրիայում: Պենտագոնի տվյալներով՝ այս պահին երկրում 900 ամերիկացի զինվոր կա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նման հայտարարությունների հիմք է հանդիսացել օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ժողովրդին հղած ուղերձը, որում ասվում է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը ավարտում է այլ երկրները վերակառուցելու փորձերի դարաշրջանը: «Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ: Այն վերաբերում է նաև մյուս երկրների վերակառուցմանն ուղղված խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանի ավարտին»,- ասել էր Բայդենը: