Աֆղանստանցի կին ակտիվիստները երթ են անցկացրել Քաբուլում՝ պահանջելով պահպանել տղամարդկանց հետ իրենց հավասար իրավունքները, գրում է ТАСС-ը:
Կանայք պահել են պաստառներ՝ «Կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար են», «Կրթություն, աշխատանք, ազատություն՝ ճանապարհ դեպի բարգավաճում» կարգախոսներով:
Ցուցարար կանայք կոչ են արել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությանը երկրի նոր սահմանադրությունում հաստատել քաղաքական կյանքին կանանց մասնակցության իրավունքը:
Հանրահավաքը, ինչպես նշում է տեղական մամուլը, կայացել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբհուլլահ Մուջահիդի հայտարարության ֆոնին, ըստ որի կանայք նախարարական պաշտոններ չեն զբաղեցնի Աֆղանստանի նոր կառավարությունում: Նրա խոսքով՝ կանայք նախարարություններում, ոստիկանությունում կամ, օրինակ՝ դատական համակարգում կկարողանան աշխատել որպես օգնականներ:
Սա առաջին նման ակցիան չէ Աֆղանստանում: Հինգշաբթի Կանանց իրավունքների պաշտպանության ազգային ասոցիացիայի տասնյակ ակտիվիստներ և կառավարության նախկին պաշտոնյաներ զանգվածային ցույց են անցկացրել Հերաթ քաղաքում՝ Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնում: Մասնակիցները պահանջել են պահպանել աֆղանստանցիների սոցիալական ձեռքբերումները, որոնց հասել էին նախորդ կառավարության օրոք: