Աղունիկ Շամբարյան («ՍփեյսՔեմփ-2021» ճամբարի մասնակից) - Ճամբարի ընթացքում ծանոթացանք հրթիռաշինության մասին, թե ինչպես են հրթիռներ կառուցում, թե ինչպես կարող ենք տիեզերագնացությամբ զբաղվել, և, առհասարակ, տիեզերագնաց լինելը ինչ մասնագիտություն է: Հասկացանք, որ իրականում այդքան էլ հեշտ ու հանգիստ չենք կարող տիեզերք թռչել:
Սանահինից եկած Աղունիկը COAF սմարթ կենտրոնի սաներից է, որոնք մասնակցում են «ՍփեյսՔեմփ-2021»-ին: Տիեզերական ճամբարն առաջին անգամ էր անցկացվում։ Այն իրականացվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ԱՅԱՍ հասարակական կազմակերպության, COAF և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա հիմնադրամների հետ համագործակցությամբ:
Ավետիք Գրիգորյան (ԱՅԱՍ տիեզերագիտական ընկերության նախագահ) - Ֆիզիկայի ուղղությամբ արվել են այդպիսի բաներ, աստղագիտության ուղղությամբ արվել են տարբեր գիտակրթական ճամբարներ, բայց տիեզերագնացության հետ կապված՝ առաջին անգամ, և հուսով եմ, որ դա կդառնա մշակույթ, կդառնա ավանդական:
Ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեին նախորդ ուսումնական տարվա ընթացքում «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Աստղաֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից միջազգային և հանրապետական օլիմպիադաներին մեդալներ և 1-3-րդ կարգի դիպլոմներ ստացած աշակերտները, COAF կենտրոնի ռոբոտատեխնիկայի և ծրագրավորման, Ջավախքի «Արմաթ» խմբակների լավագույն սաները:
«ՍփեյսՔեմփ-2021»-ի նպատակն է օգտագործել Հայաստանի գիտական ներուժը՝ հետագայում նոր նախագծերում նրանց ներգրավելու համար: Նաև՝ տիեզերքով հետաքրքրված ապագա ուսանողներին ուղղորդել ճիշտ մասնագիտություն ընտրել:
Նախարարության ներկայացուցիչ, գիտական ճամբարի ղեկավար Մերի Զաքարյան - Երեխաներին հնարավորություն է տրվել անդամագրվել Հայաստանի հրթիռային ասոցացիային և ԱՅԱՍ տիեզերական ընկերությանը հետագայում հիմնադրամներին, կրթական ծրագրերին և աշխատարաններին մասնակցելու նպատակով:
Ճամբարականների օրը հետաքրքիր և ուսուցողական դարձնելու համար քառօրյա հավաքի ընթացքում կազմակերպվեցին գործնական պարապմունքներ, ինտելեկտուալ խաղեր, աստղերի և արևի դիտումներ, հրթիռների ուսումնասիրություններ ու անգամ ականատես եղան՝ ինչպես դրանք օդ արձակել:
Հայաստանի հրթիռամոդելային ասոցացիայի համահիմնադիր, տնօրեն Հայկ Մարտիրոսյան - Եթե մի քանի տարիների ընթացքում էս խմբակները հաճախող երեխաներից մեկը դառնա հրթիռագործ, ես կհամարեմ, որ մենք իզուր չէինք էս ամեն ինչը կազմակերպել:
Վահագն Խաչատուրյան (ԲՏԱ նախարար) - Մենք ունենք հատուկ ռազմավարություն, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը տիեզերագնացության նաև տիեզերագիտության զարգացման: Անցած տարի էլ օրենք ընդունվեց դրա մասին և գուցե շատերի մոտ զարմանք առաջացրեց, թե Հայաստանը ոնց պետք է դա կարողանա անել, բայց պարզվում է, որ կան մարդիկ, որոնք հետաքրքրված են, որոնք իրենց կյանքը նվիրել են այդ բնագավառին և հնարավորություն կա այդ ամենը փոխանցել երիտասարդ սերունդներին:
Կազմակերպիչները վստահեցնում են՝ ծրագիրն այսքանով չի ավարտվելու: Մինչև տարեվերջ երեխաների համար կրկին հնարավորություն կլինի մանրամասն տեղեկանալու տիեզերագիտության գաղտնիքներին: