Հայաստանը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն և բազմիցս խոսքով ու գործով ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Արարատ Միրզոյանի պատասխանն է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության և այդ հարաբերություններում վստահության վերաբերյալ հարցին: Հայաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության, փոխվստահության, թափանցիկության և լիարժեք ըմբռնման վրա հիմնված բարի ավանդույթները:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրում ևս մեկ անգամ վերահաստատվում է բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների գործնական ամրապնդման պատրաստակամությունը: Մենք կշարունակենք ընդլայնել և խորացնել միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կհարստացնենք նաև մեր համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխհամագործակցության դրսևորումներով և անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում զգալի առաջընթացով:
Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը ողջունել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահների հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են:
ԱՌԱՋ Է ՄՂՎԵԼՈՒ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ. ՄԻՐԶՈՅԱՆ
Արարատ Միրզոյան - Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը:
Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը:
Սահմանազատման և սահմանագծման բանակցություններ չկան,- ասել է Արարատ Միրզոյանը։ Նա տեղեկացրել է, որ ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից:
Արարատ Միրզոյան - Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։
Միրզոյանը նշել է, որ այժմ բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և Հայաստանը հույս ունի, որ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի լինի:
Արտգործնախարարը նաև ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունն են, և երկիրը ողջունում է այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Նրա խոսքով՝ համար ակնհայտ է, որ ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորում, որի վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մշակած և կողմերին հայտնի տարրերի ու սկզբունքների վրա։
Անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը, Միրզոյանը բարձր է գնահատել խաղաղապահների դերակատարումը Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում:
Արարատ Միրզոյան - Հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը։
Միրզոյանն անդրադրաձել է նաև Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների պահպանման խնդրի և ադրբեջանական կողմի վանդալիզմի փաստագրված դեպքերի մասին՝ ընդգծելով «Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով Ադրբեջանը երկար ժամանակ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը՝ միաժամանակ դրանում մեղադրելով Հայաստանին»:
Արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակաուղղված ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: