Արցախի անկախության 30-ամյակին Շուշիի գորգերի թանգարանը տոնում է իր հիմնադրման տասը տարին: Թանգարանին հաջողվել է հարյուրամյակների պատմություն ունեցող նմուշները պատերազմի ընթացքում տեղափոխել Հայաստան, և այժմ նոր հասցե ունեն: Հայկական մշակույթի այս պատառիկները հավաքվել են մեծ ջանքերի շնորհիվ, և այսօր գորգերի ցուցադրությունն այցելուների պակաս չի զգում:
Վարդան Ասծատուրյան, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր - Մեր թանգարանի ամենահին նմուշն է՝ մետաքսի ասեղնագործություն: Այս կտորները 19-րդ դարում տարհանեցին, այսօր 2 հատ նման նմուշ կա:
Այդ նմուշներից մեկն Էջմիածնի թանգարանում է, մյուսը՝ Շուշիի գորգերի թանգարանում, որի ժամանակավոր հասցեն արդեն 6 ամիս Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն է:
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության 30-ամյակին, թանգարանը տոնում է հիմնադրման տասը տարին:
Այսօրվա այցելուներից է սփյուռքի մեր հայրենակիցը: Լևոն Տեր-Պետրոսյանը 4 օր առաջ է Սան Ֆրանցիսկոյից եկել Երևան, Շուշիի գորգերի թանգարանն իր համար բացահայտել է այս տարվա գարնանը, երբ կրկին Հայաստանում էր:
Մոտ 300 գորգից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում էր 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Ծաղկած խաչեր» և այլն: Հենց այդ մշտական ցուցադրության ներկայացվող գորգերն են, որ հնարավոր եղավ փրկել։ Հոկտեմբերի վերջին Հայաստանի մշակույթի նախարարությունից առաջարկ եղավ նմուշները տարհանելու։
Թանգարանի նախկին հասցեում՝ Շուշիում, նոր թանգարան են տեղակայել թշնամիները: Վարդան Ասծատուրյանը հույս ունի՝ շուտով այս թանգարանն էլ մշտական հասցե կունենա, որևէ տարածքում որպես առանձին թանգարան կգործեն: Չէ որ թանգարանի նմուշներից յուրաքանչյուրը բացառիկ է ոչ միայն թվագրությամբ, այլև պատմությամբ,
Տնետուն, գյուղից գյուղ փնտրած ու գտած այս գորգերից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: 90 տոկոսի սկզբնաղբյուրը հայտնի է, որը բացառիկ երևույթ է: Որոշ գորգերի տարիքը հարյուրավոր տարիների է հասնում, ամենահինը՝ 350 տարվա պատմություն ունի: Բոլորը գրի են առնված, որ մի օր՝ շուտով, նաև գրքում պատմեն, թե ինչքան հին է հայկական մշակույթը Շուշիում: