Նոր ուսումնական տարվանից ուսուցչի կարիք ունեցող կրթական հաստատություններին կաջակցեն մենթոր դպրոցները: Լեռնային ու սահմանամերձ համայնքներում տարիներ շարունակ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվում, ու այդպես էլ հաստիքը չի համալրվում:
Արդյունքում տվյալ առարկան կա՛մ չի դասավանդվում, կա՛մ, օրինակ, մաթեմատիկայի ուսուցիչը ստիպված նաև ֆիզիկա է դասավանդում:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍՆ առաջին տեղակալ) - Այդպիսի 101 նման դպրոցներ էինք ի հայտ բերել, որոնք երկար ժամանակ հայտարարություն են տալիս, և այդ տեղերը չեն համալրվում:
Խնդրին լուծում տալու համար մրցույթ է հայտարարվել: Դիմած ավելի քան 100 դպրոցից 18-ն է ընտրվել որպես մենթոր: Որևէ առարկայի ուսուցչի կարիք ունեցող ուսումնական հաստատությունն այսուհետ կարող է պայմանագիր կնքել մենթոր դպրոցի ուսուցչի հետ: Արդյունքում էլեկտրոնային ուսուցում կիրականացվի այն աշակերտների համար, որոնք զրկված են տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍՆ առաջին տեղակալ) - Սա մի եղանակ է, որով փորձում ենք երեխաների համար ապահովել բոլոր առարկաների դասավանդումը, նույնիսկ եթե ուսուցիչը ֆիզիկապես ներկա չէ:
Գարեգին Ներսեսյան (Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135-րդ դպրոցի տնօրեն) - էլեկտրոնային գրատախտակ ունենք, ուսուցիչները հնարավորություն ունեն դասերը օնլայն վարելու:
135-րդ դպրոցն ընտրված 18 մենթոր դպրոցներից մեկն է: Ուսուցիչները վերապատրաստվել են, առցանց դասերի համար համակարգչային սենյակն էլ պատրաստ է: Այն դպրոցներում, որտեղ հեռավար ուսուցում կիրականացնեն, մտադիր են աշակերտներին հյուրընկալել:
Աշակերտներին կհյուրընկալեն, նաև լաբորատոր փորձերին կներգրավեն. ուսումնական հաստատությունը բոլոր հնարավորություններн ունի: Մենթորների ընտրության հարցում կրթական գերատեսչությունը հաշվի է առել դպրոցների հնարավորությունները, 1լեկտրոնային ուսուցման փորձը հատկապես կարևորորվել է:
Արտակ Պողոսյան (ԿՏԱԿ տնօրեն) - Դպրոցի մոտիվոցնող նամակը, կարևորը դա է եղել :
Առաջիկայում «Իսքուլ Արմենիա» կայքում կտեղադրվի այն դպրոցների ցանկը, որոնց թույլատրվել է էլեկտրոնային ուսուցում իրականացնել: Ծրագրին մասնակցող ուսուցիչների ընտրությունն արել են հենց մենթոր դպրոցները: Այս ծրագրով 37 մասնագետ կդասավանդի:
Արտակ Պողոսյան - Վարձատրվելու են այն դպրոցի կողմից, ում համար իրենք դասավանդելու են: Առցանց դասերի ժամանակ կլինեն նաև տեսադասեր, հանձնարարականներ, շաբաթական 1 կամ 2 անգամ օնլայն միացումներ: Դասերի արդյունավետությունը ստուգելու համար էլ որակի ապահովման թիմ է ձևավորվել: 100-ից ավել դպրոցներում մենթորների օգնությամբ առցանց դասերը կշարունակվեն այնքան ժամանակ մինչև դպրոցի թափուր հաստիքը կհամալրվի: