Խաղողը հասնում է, Հայաստանը պատրաստվում տարվա ամենախոշոր մթերումներին։ Որպեսզի կորոնավիրուսի ու պատերազմի խնդիրներից տուժած գինե-կոնյակագործական բիզնեսը կարողանա գնել գյուղացու ամբողջ բերքն ու վճարել դրա դիմաց, կառավարությունն այս տարի էլ կօգնի՝ վերամշակողները մատչելի վարկ վերցնեն։
Վահան Քերոբյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար - Խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետը երկարացրել ենք 1 տարուց մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի:
Սուրեն Պապիկյան, ՀՀ փոխվարչապետ - Տնտեսվարողների համար վարկի շեմը 3 մլրդ-ից դառնում է 4 մլրդ, և կառավարությունն այստեղ ունի համաֆինանսավորման շուրջ 1,3 մլրդ հնարավոր սուբսիդավորման մասնաբաժին:
Փոխվարչապետն արձանագրեց՝ պետությունն իր վրա ծախս է վերցնում պայմանով, որ խաղողագործը դժգոհ չմնա, չստացվի չարչարվել, բերք է աճեցրել, ոչ մի գործարան չի ընդունում։ Այստեղ Էկոնոմիկայի նախարարը հնչեցրեց երկրում մթերվելիք խաղողի կանխատեսվող չափը՝ 180 հազար տոննա։ Բիզինեսը թիվն ուռճացնում է՝ նախորդ սեզոնի ստուգումների հիման վրա կարծիք հայտնեցին կառավարության որոշ անդամներ։
Գեղամ Գևորգյան, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ - Ունենք անհամաձայնություն՝ նույն 180 հազար տոննայի և կանխատեսվող թվերի հետ կապված:
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ - Համաձայն եմ Գևորգյանի հետ, կարծում եմ՝ տեսչական մարմիններն այստեղ էլ անելիք ունեն:
Որոշվեց աշխատանքային խումբ ձևավորել գործընթացը վերահսկելու համար։ Թեման նախարար Քերոբյանն ամփոփեց՝ ներկայացնելով վերամշակված և թարմ գյուղմթերքի արտահանման աճի ցուցանիշներ։ Սեզոնի սկզբից հայաստանյան այգիներից վաճառքի է ուղարկվել 145 հազար տոննա միրգ-բանջարեղեն:
Վահան Քերոբյան - Գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, շատ լավ է գնումԼ Հույս ունենք մինչև տարվա վերջ հասնել 200 հազար տոննայի և ռեկորդ սահմանել:
Տնտեսական մեկ այլ նախագծով՝ գործադիրը թույլատրեց շարունակել Սևանից սիգի արդյունագործական որսը։ Սահմանված ժամկետում՝ մինչև սեպտեմբերի 1-ը, պարզվում է, ձկնորսները չեն հասցրել անհրաժեշտ քանակի ձուկ հանել լճից՝ զեկուցեց նախարար Պետրոսյանը։
Ռոմանոս Պետրոսյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարար - Ձեռք է բերվել համաձայնություն՝ 2021 թվականի համար սիգի արդյունաբերական որսի չափաքանակն ավելացնել ևս 50 տոննայով, իսկ ժամկետը երկարաձգել մինչև հոկտեմբերի 15-ը:
Օրակարգից դուրս կառավարական կաբինետն անդրադարձավ միջազգային ներդրողների համար կարևոր Հայաստանի սուվերեն վարկանիշին․ «Մուդիսն» օրերս այն թարմացրել է, վերահսատատել մինչ կորոնայի խնդիրներն ունեցած վարկանիշը՝ «Ba3» կայուն հեռանկարով։
Տիգրան Խաչատրյան, ՀՀ ֆինանսների նախարար - Չնայած պարտք ՀՆԱ-ն աճել և կազմել է 63 տոկոս՝ «Մուդիսը» կարևորում է դրա 60 տոկոսից իջեցումը:
Ֆինանսների նախարարն ասաց՝ «Մուդիսը» գրել է նաև, որ երկրի վարկանիշը հետագայում կարող է բարձրացնել տնտեսության մրցունակության ավելացումը, կառավարման ինստիտուտների բարեփոխումն արագացնելն ու հարևան պետությունների հետ հարաբերությունների լարվածության թուլացումը։