Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային բոլոր մակարդակների խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվել է հանրապետության հռչակագիրը:
Պատմական իրադարձությունից 30 տարի անց պատմաբան Վահրամ Բալայանը փաստում է՝ հանրապետության հռչակմամբ իրագործվեց արցախահայության նվիրական երազանքը: Այն հիմնվում էր միութենական օրենքների և սահմանադրության վրա:
Վահրամ Բալայան (Արցախի Աժ պատգամավոր, պատմաբան)-Նկատենք, որ մինչ այդ խորհրդային իշխանությունները՝ Խորհրդային Միությունն այն ժամանակ գոյություն ուներ, ընդհանրապես Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որևէ մարմնի որոշում մշտապես բեկանում էին, ապա ինչ-որ մի տեղ այս որոշումը լուռ համաձայնությամբ ընդունվեց: Ըդնունվեց, որովհետև իրավական տեսանկյունից այն անթերի էր:
Հանրապետության հռչակագիրը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ամրագրվեց համաժողովրդական հանրաքվեով: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որ անկախ Արցախի տարեկիցն է, ընդգծում է՝ հանրապետության հռչակումը նախ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ ուներ:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվում էր խտրական քաղաքականություն: Եվ դրա ամենավառ ցուցիչն այն է, որ եթե 1923 թվականին, երբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին և ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, մարզի բնակչության 90 տոկոսից ավելին հայեր էին: Իսկ այն ժամանակ, երբ Արցախն անկախության հռչակեց՝ բնակչության 75 տոկոսը: Այսինքն՝ էթնիկ զտման կոնկրետ քաղաքականություն էր իրականացվում՝ թեև դանդաղ տեմպերով, եթե այսպես ասենք:Օրինակ, նույն լեզվական իրավունքների սահմանափակման, ավանդական հայկական ընտանիքը թիրախավորելով կամ, օրինակ, որոշում կայացնող պաշտոններում Բաքվից հատուկ մարդկանց նշանակելով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը պետականության անձնագիր է, որը ստանալուն պես նորանկախ Արցախին պարտադրվեց պատերազմ:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Մենք ծանր պատերազմով ապացուցեցինք, որ ի վիճակի ենք ոչ միայն պետություն ստեղծելու, այլև պահելու, կայացնելու, զարգացնելու: Սակայն, վերջին տարվա՝ 2021 թվականի պատերազմական իրադարձությունները դարձան ամենածանր փորձությունը մեր պետականության համար, որը հաղթահարել կամ հաղթահարում ենք ծանր կորուստներով, զրկանքներով, մեծ ցավով, բայց մյուս կողմից մենք ունենք նույն վճռականությունը՝ պահպանելու, պաշտպանելու մեր պետականությունը և պայքարելու մինչև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Միջազգային ճանաչման համար Արցախն ունի բոլոր հիմքերը,- ասում է Արցախի արտաքին գործերի նախարարը: Արցախը որպես պետություն կայացել է նախ արցախցիների համար, ինչը ամենակարևորն է,-կարծում է Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Պետականաշինությունը նրա համար չէ, որ մենք ուրիշներից ցույց տանք, որ մենք լավն ենք: Այո, մենք բոլոր տեսակետներից համապատասխանում ենք՝ ունենք բարոյական, պատմական, իրավական բոլոր հիմքերը՝ ճանաչվելու համար: Ուղղակի այստեղ աշխարհաքաղաքականությունն է գերիշխողը: Բայց անկախ ամեն ինչից մենք պետք է պետությունը կառուցենք և կերտենք մեզ համար:
Հանրապետության հռչակման օրն արցախցիները խնկարկել ու ոգեկոչել են Արցախի անկախության և ազատության համար ընկածների հիշատակը՝ հայրենական մեծ պատերազմ, արցախյան գոյամարտ և 2020 թվականի 44-օրյա պատերազմ: Արցախում գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը վստահ է՝ հռչակագիրը սեփական ճակատագիրը տնօրինելու՝ ժողովրդի ազատ կամարտահայտություն էր:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես այս տոնի կապակցությամբ պետք է զուսպ, հստակ և վճռորոշ նշեմ, որ մենք պետք է շարունակենք կերտել Հայաստանի և Արցախի ապագան, և այդ ապագան պետք է լինի հզոր, այդ ապագան պետք է լինի երջանիկ ու վստահելի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ունենալ պետականության զգացումը:
Նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել Արցախյան գոյամարտում և 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին:
Դավիթ Բաբայան - Մենք պարտավոր ենք՝ անկախ ամեն ինչից, միշտ արժեվորենք այս օրը, այս գաղափարը Արցախի Հանրապետության, ընդհանրապես պետականության: Եվ այս պահի դրությամբ արցախապահպանությունը գերագույն խնդիր է, որը կանգնած է հայության առջև:
Արցախի պահպանությունն Արցախում ապրելն է և այստեղ երեխաներ ունենալը,-ասում է պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյան - Արցախի ապագան երկարաժամկետ կտրվածքով տեսնում եմ լուսավոր, միջնաժամկետ, կարճաժամկետ կտրվածքով՝ դժվարին, բայց միանշանակ մեզնից է կախված: Եթե մենք վճռական լինենք, եթե մենք ապրենք մեր հողում, արարենք մեր հողում ու նաև երեխաներ ունենանք, դաստիարակենք մեր հայրենիքում, և ամեն մեկն իր գործը պարտաճանաչությամբ, բարեխղճությամբ ու արհեստավարժությամբ կատարի, ես համոզված եմ, որ երկարաժամկետ ապագան միանշանակ լուսավոր է լինելու: Եվ բոլոր հարցերը՝ և՛ անվտանգային, և՛ կարգավիճակի հետ կապված, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը մենք կկարողանանք լուծել համայնք հայության աջակցությամբ:
Աշխարհասփյուռ հայության ջանքերով այժմ Արցախը փուլ առ փուլ թոթափում է պատերազմի հետևանքները: