Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
«Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու աղոթքներն ենք բերում Ձեզ, Արցախի պետական այրերին և հավատավոր Մեր զավակներին։
Անկախության 30-ամյա հոբելյանը մեր ժողովուրդը դիմավորում է դժվարին պայմաններում, վիրավոր և վշտացյալ, բայց և՝ հարազատ Արցախ աշխարհը շենացնելու աննկուն կամքով ու հավատքով։ Արցախի անկախության անցնող տարիները ազգային տարեգրության մեջ արձանագրվեցին իբրև արցախահայության իրավունքների համար մաքառման, պետականության կայացման և ազատ ու արժանապատիվ կյանքի տեսլականի իրագործման էջեր։
Արցախն իր ազատատենչությամբ, ոգեղենությամբ և պատմական հայրենիքի փոքրիկ բեկորի ձգողականությամբ իր շուրջ համախմբեց համայն հայությանը։ Հայոց նոր կյանքի արշալույսի օրրանը լինելով՝ Արցախն այսօր էլ միավորում է մեր ժողովրդին ազգային վերելքի տեսլականով՝ ընդդեմ բոլոր մարտահրավերների։
2020 թվականի սոսկալի պատերազմը պատճառ դարձավ մարդկային և տարածքային մեծ կորուստների, ահռելի ավերների, առ այսօր շարունակվող թշնամական նկրտումների և սպառնալիքների։ Հակառակ ցավալի այդ իրողության, Հայաստանում և ամենուր աշխարհում ամենքիս պատասխանը պետք է լինի մշտամնա հոգածությունը Արցախի հանդեպ, աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի մեր հայրենակիցների խաղաղ ու ապահով կյանքի, հանուն կորուստների վերականգնման։ Այսպիսին պետք է լինի արժևորումը հազարավոր մեր հերոս զավակների նահատակության։
Մեր աղոթքն է, որ Բազումողորմ Տերը հոգու արիություն և ամուր հավատ պարգևի Արցախի Մեր հավատավոր զավակներին՝ իրենց հատուկ լավատեսությամբ շարունակելու հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը և շենացնել հայրենի երկիրը։
Թող Աստված զորավիգ լինի Ձեզ, մեծարգո Նախագահ, Ազգային ժողովի պատգամավորներին և պետական այրերին՝ ամենայն հանձնառությամբ և պատասխանատվությամբ դիմագրավելու Արցախի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները»,- ասված է շնորհավորական ուղերձում: