Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով. Արցախի անկախության 30-ամյակի շնորհավորական ուղերձում ընդգծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելում՝՝ Արցախի ժողովուրդն օգտվեց իր օրինական իրավունքից և դրա դեմ գործադրած ցանկացած բռնություն ուղղված է մարդկության, մարդկային քաղաքակրթության և մարդու բնական իրավունքի դեմ։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այդպիսին էր Արցախի ժողովրդի դեմ անկախության հռչակումից անմիջապես հետո գործադրած բռնությունը՝ պատերազմը, որի հետևանքով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը մտավ միջազգային հարաբերությունների օրակարգ։ Ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի երեք համանախագահ երկրներն օժտվեցին հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական առաքելությամբ։ Ցավոք, հակամարտությունը լուծում չգտավ, և բռնությունը շարունակվեց՝ իր ամենազազրելի դրսևորումը ստանալով 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմով, որը հետապնդում էր բռնի ուժով հակամարտությունը լուծելու նպատակ։
Չնայած հակառակորդի գործադրած բոլոր ջանքերին, այդ նպատակը չիրականացավ՝ նշում է վարչապետը։
Նիկոլ Փաշինյան - Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը։Մենք հիշում ենք Արցախի ազատության համար մղված պայքարում ընկած մեր բոլոր նահատակներին և գլուխ ենք խոնարհում նրանց առջև։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա։
Շեշտում է՝ այս գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը:
Հայկական աշխարհի համար Արցախն ու արցախցին միշտ էլ առանձնահատուկ դերակատարություն են ունեցել, այդպես է նաև այսօր. իր շնորհավորական ուղերձում նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում: Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են:
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում. շեշտել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հավելել, որ պետականաշինության ճանապարհին եղել են մեծ ձեռքբերումներ ու կորուստներ:
Արայիկ Հարությունյան (ԱՀ նախագահ) - Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող:Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով:
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական խոսքում նշել է՝ Պատմությունն ապացուցել է, որ որևէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի՝ հաղթանակներով թրծված ոգին։
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով։ Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձև, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ։
ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով՝ լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուղերձով վերահաստատում է՝ ՀՀ-ն հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը.
ՀՀ ԱԳՆ - Ադրբեջանի իշխանության պետական մակարդակով վարված հայատյաց քաղաքականությունը և շարունակական սպառնալիքները, Արցախի դեմ 2016թ. և հատկապես 2020թ․ ռազմական ագրեսիաները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և ծրագրված ոչնչացումը վկայում են, որ արցախահայությունը շարունակում է կանգնած մնալ ֆիզիկական գոյության սպառնալիքի առաջ և չի կարող ապրել Ադրբեջանի ենթակայության և իրավասության ներքո։
Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուղերձում ասվում, որ անկախության օրվանից ի վեր Արցախի Հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների, այդ թվում՝ կործանարար պատերազմների և ծանր կորուստների միջով:
ԱՀ ԱԳՆ - Այնուամենայնիվ, ո՛չ ահաբեկումն ու սպառնալիքները, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը և իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, իր պետականությունն ամրապնդելու և զարգացնելու վճռականությունը:
Հայկական երկրորդ հանրապետության արտաքին գերատեսչությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունը անսասան վճռականությամբ շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը, ինքնիշխան պետականության ամրապնդմանն ու զարգացմանը։