Ավարտվել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի (կմ0+000-կմ4+160) վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր գրունտային ծածկի, որն էլ խոչընդոտում էր երթևեկության կանոնավոր անցանելիությանը։ Քայքայված էին նաև մայթերը։
Կապալառու կազմակերպության՝ «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից կատարվել է հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնում (ջրթող կառուցվածքների նորոգում և նոր խողովակների տեղադրում, ջրթող վաքերի կառուցում), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, գյուղտեխնիկայի անցման տեղերի կառուցում (3 տեղում), մայթերի կառուցում, ճանապարհի կահավորում (իջատեղեր, արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, գծանշում) և այլն։
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար Արման Թադևոսյանը նշում է, որ ճանապարհն ավելի քան 30 տարի չէր նորոգվել։ Շինաշխատանքների որակից պարոն Թադևոսյանն ու նորամարգցիները գոհ են։
Ասում են՝ շինարարները բծախնդիր աշխատանք են կատարել։ Վստահ են, որ ճանապարհը երկար է ծառայելու, իրենք էլ խոստանում են խնամքով վերաբերվել ճանապարհին։ Շահագործման հանձնումից հետո մեկ տարի շարունակ ճանապարհահատվածը գտնվելու է թերությունների համար սահմանված պատասխանատվության ժամկետում (երաշխիքային ժամկետ), և այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն կապառալու կազմակերպությունը պետք է վերացնի իր միջոցներով։
Պարոն Թադևոսյանն ընդգծում է, որ ճանապարհը Նորամարգ համայնքը կապում է հիմնական ճանապարհի հետ, ուղղություն է դեպի Էջմիածին, Մասիս, Արտաշատ, և նորոգումից հետո էապես կմեծանա այդ հատվածի երթևեկության ինտենսիվությունը, ինչն իր հետ կբերի այլ ենթակառուցվածքների զարգացմանը։
Հիմնական ճանապարհից բացի, վերակառուցվել են նաև Նորամարգում դեպի դպրոց, մանկապարտեզ և ակումբ տանող իջատեղերը։ Ճանապարհը վերականգնվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։