Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը գտնվում են Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ սեպտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա ընդգծել է, որ Մոսվայի հիմնական ջանքերը կենտրոնացած են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը:
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Առաջնահերությունների շարքում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Մենք աջակցում ենք նաև Ղարաբաղյան կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների ակտիվացմանը՝ իր մանդատի հիման վրա և տարածաշրջանային նոր իրողությունների սթափ գնահատմամբ: Մենք կարծում ենք, որ եռյակը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև վստահության մեծացմանը, ինչպես նաև հումանիտար խնդիրների կարգավորմանը: Այդ ամենը որպես նախադրյալ կծառայեր՝ արդեն քաղաքական խնդիրների քննարկմանն անցում կատարելու համար:
Զախարովան նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային այց է սկսել: Նա արդեն բանակցություններ է անցկացրել ադրբեջանական ղեկավարության հետ և առաջիկայում սպասվում է նաև նրա այցը Երևան:
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծելով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավմանը:
Մարիա Զախարովա - Մենք արձանագրել ենք վերջերս Երևանի և Անկարայի միջև կայացած դրական ազդանշանների փոխանակումը: Մենք դրանք տեսել ենք և ընդունել ենք ի գիտություն: Մոսկվան մշտապես հանդես է եկել երկու երկրների հարաբերությունների կարգավորման օգտին: Որպես միջնորդ՝ Ռուսաստանն աջակցել է 2009 թվականին, այսպես կոչված, «Ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրմանը, որոնք կյանքի չկոչվեցին:
Զախարովան ընդգծում է՝ Մոսկվան հիմա էլ է պատրաստ ամեն կերպ աջակցել երկու հարևան երկրների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա: