Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԼՂՀ հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել:
«Սիրելի΄ հայրենակիցներ
Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Այն դիմավորում ենք մեր երկրի համար դժվարագույն պայմաններում: Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է:
1991 թվականի սեպտեմբերին անկախության հռչակումը միանգամայն ճիշտ պատմական որոշում էր, որով արցախահայությունը կանխորոշեց իր ապագան:Հետագա 30 տարիները բարդ ու խոչընդոտներով լեցուն էին: 90-ականներին մեզ պարտադրված պատերազմում հաղթեցինք, լծվեցինք պետականաշինության գործընթացին, ու թեև աշխարհը չճանաչեց Արցախի անկախությունը, ստեղծեցինք ժողովրդավարական երկիր՝ բոլոր պետական ատրիբուտներով:
Արդյո՞ք ճիշտ օգտագործեցինք պետություն կառուցելու բացառիկ հնարավորությունը, արդյո՞ք ազնիվ եղանք մեր ու սերունդների առջև. հարցեր են, որ անընդհատ ծառանում են մեր առջև:
Սխալները շատ էին: Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք: Հակառակորդին թերագնահատելն ու դիվանագիտական ոչ լիարժեք ջանքերն իրենց դերը խաղացին:
3 տասնամյակ անց պետք է արձանագրենք՝ անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի էր: Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում:
Անկախության ճանապարհը հարթ չէ: Այն տասնամյակներ է տևում: Սակայն, եթե կա հավատ ու կամք՝ անհնարինը դառնում է հնարավոր:
Այսօր դիմելով արցախահայությանը՝ կոչ ենք անում չհուսալքվել, զինվել համբերությամբ, մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին: Բուժել վերքերն ու առաջ գնալ, քանզի սերունդների առջև պատասխանատու ենք, պատասխանատու ենք հանուն հայրենիքի կյանքը զոհած մեր հազարավոր զավակների առջև:
Մենք մեր խոնարհումն ենք բերում 30-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած բոլոր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն փորագրեցին պատմության չջնջվող արձանագրության մեջ: Խոստանում ենք արժանի լինել նրանց հիշատակին ու կիսատ թողած գործը ավարտին հասցնել:Գիտակցում ենք մեզ սպասող դժվարությունները, բայց հաստատակամ ենք: Աստված մեզ հետ»,- ասված է ԱՀ ԱԺ նախագահի ուղերձում: