Սպիտակ տանը Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ: Բանակցությունների ընթացքում ընդունված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունն այս տարի 463 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, ապակենտրոնացման, ինչպես նաև մոտ 60 մլն դոլար՝ անվտանգության ոլորտում աջակցության համար։ 60 միլիոն դոլարի օգնության փաթեթը ներառում է Javelin զրահապատ համակարգեր և այլ մահաբեր և ոչ մահաբեր պաշտպանական սարքավորումներ: Բացի այդ, Միացյալ Նահանգները ծրագրում է Ուկրաինային 12,8 մլն դոլարի օգնություն տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար և 45 մլն դոլար մարդասիրական օգնություն՝ Դոնբասում հակամարտության կապակցությամբ:
*****
Եվրամիությունը մտադիր է ստեղծել արագ արձագանքման սեփական ուժերը, որոնք անկախ կլինեն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից: Եվրամիության շրջանակում պաշտպանական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին օրերս հայտարարել է նաև Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում եվրոպական ռազմավարությունը կներկայացվի այս տարվա աշնանը: ԱՄՆ-ից անկախ՝ Եվրամիության պաշտպանական կարողությունների զարգացման շուրջ քննարկումները վերջին տարիներին բավական ակտիվացել են: Այս գաղափարին հետևողականորեն աջակցում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Միացյալ Նահանգները, ինչպես նաև որոշ եվրոպական երկրներ, դեմ են Եվրոպական ռազմական ուժերի ստեղծման հեռանկարին:
*****
Թալիբների վերահսկողության տակ անցած Քաբուլի միջազգային օդանավակայանում է Կատարից ժամանած տեխնիկական թիմը, որը պետք է գնահատի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունը: Չնայած տեխնիկական օգնության տրամադրման վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, Կատարի տեխնիկական խումբը նախաձեռնել է այս այցը «Թալիբանի» խնդրանքով: Մի շարք երկրներ, այդ թվում՝ արևմտյան, նույնպես շահագրգռված են օդանավակայանի վերագործարկմամբ՝ ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ ազատ տեղաշարժի, այդ թվում` տարհանման համար: Հաղորդվում է, որ Քաբուլի օդանավակայանն այժմ վատ վիճակում է, հիմնական ենթակառուցվածքների մեծ մասն ավերված է:
*****
ՄԱԿ-ի կողմից աֆղանցիներին հումանիտար օգնության համակարգող Ռամիզ Ալաքբարովը ահազանգել է Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին: «Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի եզրին: Չնայած նրան, որ ՄԱԿ-ը և գործընկերները շարունակում են անել հնարավորը դրանից խուսափելու համար, նրանք չեն կարող դա անել առանց միջազգային լայն աջակցության»,- ասել է Ալաքբարովը:
Նա նշել է, որ երկրում սննդամթերքի և դեղամիջոցների սուր պակաս կա: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանը փակ է, սակայն, ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ կազմակերպությունը և գործընկերները հումանիտար օգնություն հասցնելու այլ ուղիներ են գտնում: