Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:
Նախարար Փիլոյանը շնորհավորելով Դանիել Մ. Սինգլթոնին և Գրեգորի Փայփսին նոր նշանակման առթիվ՝ հույս է հայտնել, որ այսուհետ ևս ոչ միայն կյանքի կկոչվեն արդեն նախանշված ծրագրերը, այլ նոր համագործակցության մեկնարկ կտրվի:
Ա. Փիլոյանը, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, շնորհակալությամբ ընդգծել է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում մի շարք փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականցման ծրագրերը:
Մասնավորապես, անդրադարձ է եղել այդ ծրագրի շրջանակներում իրականացվող ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի 2 նոր հրշեջ-փրկարարական շենքի կառուցման, իսկ Ախուրյանում՝ հիմնանորոգման աշխատանքներին:
ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, իր հերթին, վստահեցրել է, որ համագործակցության ընթացիկ ծրագրերը ոչ միայն կշարունակվեն նույն արդյունավետությամբ, այլև կամրապնդվեն, «քանի որ այն լավ հիմքերի վրա է դրված»: Կողմերը քննարկել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները և վերահաստատել իրենց պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար:
Հանդիպման ավարտին Ա. Փիլոյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-ին ԱԻՆ Լուսակերտի ուսումնական կենտրոնում կայանալիք «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը: