Խանութ մտնելիս հաճախորհներին չեն ջերմաչափում, հաճախորդների մեծ մասը դիմակ չի կրում: Սրանք առաջին կետերն էին, որ տեսուչներն արձանագրեցին առևտրի կենտրոններից մեկը մտնելուն պես: Ավելի ուշ ջերմաչափման մատյաններով համոզվեցին, որ աշխատակիցների դեպքում ջերմաչափումը պարտաճանաչ կատարվում է:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի խոշորացույցի տակ այսօր Հյուսիսային պողոտայի մանրամեծածախ առևտրի կենտրոններն էին: Կետ առ կետ անցան համապատասխան որոշման ստուգաթերթի հարցերով:
Լենա Կարապետյան, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ - Մուտքից սկսած՝ առաջին նախապայմանը դիմակների կրումն է: Տարածքի ախտահանումն ինչո՞վ է կազմակերպվում, առկա՞ են ախտահանիչ միջոցներ, թե՞ ոչ, օրական քանի՞ անգամ են իրականացնում ախտահանումը, աշխատակիցների և հաճախորդների շրջանում արդյոք ջերմաչափումներ իրականացվում են, առկա՞ են արդյոք օգտագործված դիմակների համար աղբամաններ:
Տեսչական մարմինը նման ստուգայցեր իրականացնում է անցած տարվանից, բայց ժամանակ առ ժամանակ, Քովիդի թվերի բարձրացմանը զուգահեռ, ավելի խստացված կարգով է սկսում վերահսկողություն իրականացնել:
Լենա Կարապետյան - Առաջնորդվում ենք ստուգաթերթի հարցերով, բայց հիմնական շեշտը դրվում է ախտահանման կանոններին հետևելուն, ջերմաչափման, տեղանքն ախտահանող միջոցների վրա:
Խախտումներ արձանագրելու դեպքում առաջին անգամ տնտեսվարողին գրավոր զգուշացում է արվում: Երկրորդ անգամ նույն խախտումները տեսնելու դեպքում տեսուչները տուգանք կսահմանեն:
Արմինե Բեգլարյան, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետ - Այս տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրել ենք հետևյալ խախտումները. մուտքի մոտ չէր կատարվում այցելուների ջերմաչափում, կազմակերպությունում առկա չէր հրաման՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման պատասխանատուի վերաբերյալ: Դիտարկեցինք նաև, որ որոշ այցելուներ դիմակ չեն կրում:
Առայժմ Հայաստանում որևէ տնտեսվարող նման ստուգայցերի արդյունքում չի տուգանվել: Բոլորն ստացել են նախազգուշացում, թերությունները վերացրել են: