Գործադիրի նիստը սկսվեց շնորհավորանքով: Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է՝ 2021-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյա տարեդարձը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Շնորհավորում եմ բոլորիս, արցախահայությանը մաղթում եմ տոկունություն և կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար:
Նախորդ տարին լի էր մարտահրավերներով: Նախ՝ կորոնայի համաճարակը, ապա՝ պատերազմը: Չնայած տնտեսության վրա դրանց բացասական հետևանքներին՝ Moody's վարկանիշային գործակալությունն իր հերթական զեկույցում անփոփոխ թողեց Հայաստանի սուվերեն վարկանիշը, հեռանկարն էլ որակեց կայուն: Ֆինանսների նախարարը նկատեց՝ Moody's-ի գնահատմամբ՝ ստեղծված ռիսկերի նկատմամբ մեր տնտեսության դիմակայություները բարձրանում է, իսկ Կառավարության տնտեսական քաղաքականությունն այս տեսանկյունից արդյունավետ է:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Սա շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար:
Ոլորտի պատասխանատուն առանձնացրեց պետական պարտքի կառավարմանը վերաբերող հարցերը: Ըստ Խաչատրյանի՝ չնայած 2020-ին պարտք-ՀՆԱ ցուցանիշն աճել է ու կազմել 63.5 տոկոս, «Մուդիսը» կարևոր է համարել առաջիկա հինգ տարում այն 60 տոկոսից նվազեցնելու Հայաստանի Կառավարության քաղաքականությունը: Միջազգային գնահատողը նաև մատնանշել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել մեր երկրի վարկանիշի հետագա բարելավմանը:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ
Առողջապահության նախարարն էլ կորոնավիճակից խոսեց, կրկին ահազանգեց՝ ակտիվ շրջանառվող «դելտա» շտամի վարակելիությունը ավելի բարձր է, հիվանդության ընթացքն էլ՝ ավելի ծանր է: Ըստ նրա՝ 1600 մահճակալից զբաղված է 1400-ը, ծանր վիճակում է 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 126-ը:
Այս ֆոնին առողջապահության նախարարն առանձնացրեց պատվաստումերի կարևորությունը, նշեց՝ օրական ցուցանիշը 6000-ից բարձր է:
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ԵՐԵՔ ՔԱՂԱՔՈՒՄ
Օրակարգի՝ 26 հարցից երեք էին զեկուցվող: Առաջինով գործադիրը 25 միլիոն դրամ հատկացրեց ոստիկանությանը՝ Ստեփանավանում, Կապանում ու Իջևանում նոյեմբերի 14-ին նախատեսվող ավագանու ընտրությունները կազմակերպելու համար: Թեման շարունակելով փոխվարչապետ Պապիկյանը տեղեկացրեց՝ ՏԻՄ ընտրություններ կլինեն նաև հոկտեմբերի 17-ին ու դեկտեմբերի 5-ին: Համայնքների միավորման գործընթացը սկսված է, ընթանում են հանրային լսումներ ու մինչև տարեվերջ նախատեսվում է ունենալ նոր միավորներ:
Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Ուզում եմ բոլորիդ կոչ անել պատասխանտու վերաբերել, քաղաքական կուսակցությունների կոչ անել ակտիվորեն ներգրացվվել, նոր օրենքը՝ համամասնականը, լայն հնարավորություն է թե՛ տեղական ժողովրդավարության զարգացման, թե՛ կուսակցությունների կայացման համար:
ՍԻԳԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Օրակարգային մյուս հարցով էլ գործադիրը մինչև հոկտեմբերի 15-ը երկարաձգեց Սևանից սիգի արդյունագործական որսի թույլտվության ժամկետը, որ նախապես կնքված պայմանագրերով ձկնորսները կարողանան սիգ որսալ, եղանակային պայմաններն էլ չխանգարեն: Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով թույլատրելի չափաքանակը՝ 250 տոննան, ավելացվեց ևս 50-ով:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Մթերումների այս ակտիվ շրջանում կառավարությունը ավելացրեց նաև խաղողի մթերման համար պետական սուբսիդավորմամբ տրվող վարկերի չափը՝ տարեկան 3 միլիարդից այն դարձնելով մինչև չորս միլիարդ, մարման համար սահմանելով 3, իսկ արտոնյալ ժամկետը՝ 1 տարի: Էկոնոմիկայի նախարարի համոզմամբ՝ սա թույլ կտա ավելի մեծ ծավալի մթերում ապահովել ու ավելի արագ վճարել գյուղացու փողը: Թեման ընդլայնվեց, նախարարական կաբինտեում քննարկում սկսվեց: Քերոբյանից հետաքրքրվեցին՝ ինչ վիճակում են մթերողները, արդյոք նախորդ տարվա արտահանումների ցածր լինելը կարո՞ղ է այս տարի տարածքի խնդիր առաջացնել:
Ֆինանսների նախարարն էլ հիշեցրեց, որ խաղող մթերողներին նպատակային վարկերի տրամադրումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շարքից էր: Խաչատրյանի կարծիքով՝ հիմա արդեն պետք է վերանայել աջակցության ծրագրերը: Կառավարության ֆինանսական ռեսուրսները պետք է ուղղված լինեն արտահանմանն ու մրցակցության խթանմանը՝ սա էլ նկատեց փոխվարչապետ Գրիգորյանը ու Քերոբյանի ուշադրությունը հրավիրեց այն ծրագրերին, որոնց բաղադիչները վերանայման կարիք ունեն:
Ֆինանսների նախարարը նաև հետաքրքրվեց՝ արդյոք այս տարի էլ մթերող կազմակեպություններում աշխատո՞ւմ են Կառավարության միջգերատեսչական խմբերը, որ տեղում առաջացած հարցերին արագ լուծում տան: Քերոբյանն պարզաբանեց՝ որոշել են պրոցեսը վերահսկել գործընկեր բանկերի միջոցով, նաև պատահական այցերով: Նախարարին հակադարձեց հակամենաշնորհային մարմնի ղեկավարը, պնդեց՝ տեղում վերահսկողություն իրականացնելն ավելի արդյունավետ է, քանի որ 2020-ին այդպես կարողացել են կանխել մեծ թվով խախտումներ:
Կարծիքները լսելուց հետո Պապիկյանը նախարար Քերոբյանին հանձնարարեց ձևավորել աշխատանքային խումբ՝ աշխատանքը վերահսկել տեղում: