«Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը արվեստասեր հասարակությանը սեպտեմբերի 4-5-ը հրավիրում է Գյումրի:
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում կկայանա «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով հանդիպում-դասախոսություն: Բանախոսներն են Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:
Հանդիպման շրջանակում տեղի կունենա Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողներ Ի. Խաչատրյանի, Տ. Տանանյանի hեղինակած «Իրականացած երազանք» տեսաֆիլմի ցուցադրությունը, հաջորդիվ՝ համերգ ԵՊԿ կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ:
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, բացօթյա համերգ տեղի կունենա Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում: Համերգին մասնակցելու են անվանի դաշնակահարներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Կոմիտասի անվան պետական լարային քառյակը (գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյան), Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը և Դավիթ Բաբայանը: Կհնչեն Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: