Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Հայաստանի ընթացիկ սուվերեն վարկանիշը` Ba3՝ կայուն հեռանկարով: Համավարակի բռնկումից և Արցախյան պատերազմի ավարտից հետո Moody's-ը առաջին անգամ է վարկանիշ շնորհում: Ըստ հրապարակմա՝ն երկրի տնտեսական հզորությունը, ինստիտուտները և կառավարման հզորությունը, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում՝ պարտքի պրոֆիլը, էականորեն չեն փոխվել, սակայն երկիրը գնալով դառնում է առավել ընկալունակ հանկարծակի ռիսկերի նկատմամբ:
Ըստ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանի՝ «Մուդիսի» կողմից վարկանիշի անփոփոխ թողնելը դրական է:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ) - 2019 թվականի օգոստոսին «Մուդիսը» տվել է նույն վարկանիշը Հայաստանին՝ որպես սուվերեն, որպես որոշակի վարկունակություն ունեցող ինստիտուտ: Եթե համեմատում ենք այդ ռեյտինգի հետ, ապա ներկայումս կայուն մնալը նշանակում է դրական բարելավում:
Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի համար սպասելի էր «Մուդիս»-ի գնահատականը, քանի որ տնտեսությունը վերականգնվում է:
Կարեն Զաքարյան («Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Դա պետք է արձանագրենք, որ մեր տնտեսության համար միջազգային օբյեկտիվ գնահատականները կայուն են, բացասական ազդեցություններ չկան, բայց մենք մեզ համար պետք է ֆիքսենք, որ նպատակը պետք է առաջանցիկ լինի: Այսինքն՝ կարծում եմ, որ առաջիկայում թիրախը պետք է լինի այն, որ կայունից փորձենք գնահատականներ ունենալ դեպի դրական:
Ֆինանսների նախարարության պաշտոնյայի խոսքով՝ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ ջանքերը մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում հնարավորություն տվեցին խուսափել խոշոր ցնցումներից:
Էդուարդ Հակոբյան - «Մուդիսը» գնահատում է, որ տնտեսությունը թևակոխել է արագ վերականգնման փուլ, և ակնկալում է, որ այդ վերականգնումը տեղի կունենա, և տնտեսական աճը կարագանա առաջիկա տարիներին:
Ըստ Կարեն Զաքարյանի՝ այս պահին «Մուդիսի» վարկանիշն ազդակ է, որ ամեն ինչ վերահսկելի է, բացասական ազդեցություններ չկան:
Կարեն Զաքարյան - Ներդրողներին ազդակ է տալիս, որովհետև ներդրողները այդքան ժամանակ չեն հատկացնում ավելի մանրամասն ուսումնասիրելու ամեն մի երկրի ֆինանսական, բյուջետային, վարկային և այլ հարցերը: Եվ այս ռեյտինգային ընկերությունների տված գնահատականներն իրենց համար ազդակ են և ուղենիշ, որ այս երկրում ամեն ինչ նորմալ է:
«Մուդիսի» գնահատմամբ՝ չնայած պետական պարտքի բեռի աճին, դա Հայաստանի վարկանիշի վրա չի ազդում, և Կառավարությունը շարունակում է մնալ վճարունակ և վարկունակ:
Ներդրողները կարող են վստահ լինել, որ Հայաստանի Հանրապետության վճարունակությունն ու վարկունակությունը չի փոխվել, չնայած նրան, որ մենք ունեցել ենք մեծ ցնցումներ՝ համավարակի և պատերազմի տեսքով:
Ֆինանսիստը նշում է, որ պետք է ավելի արագ գործել թե՛ պետական, թե՛ մասնավոր համակարգում:
Կարեն Զաքարյան - Ֆինանսական շուկայում մենք հիմա ակտիվ երկխոսության մեջ ենք Կենտրոնական բանկի հետ, այնտեղ կարգավորման մեջ որոշակի հարցեր կան, որոնք երբ որ լուծվեն՝ նպաստելու են, որ արագությունը մեծանա»:
Նշենք, որ Հայաստանը վարկանիշ է ստանում 3 վարկանիշային ընկերություններից՝ Moody's, Fitch և Standart & Poors. վերջինիս մասով վարկանիշ ստանալու համաձայնությունը վերջերս է ձեռք բերվել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան