ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով` լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: Պատմությունն ապացուցել է, որ որևէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի` հաղթանակներով թրծված ոգին:
Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով: Արցախը` որպես հայի հավերժության բանաձև, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ:
Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին: Արցախյան վերազարթոնքի սպասումով` մաղթում եմ խաղաղություն և բարօրություն»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում: