Եվրադատարան է ներկայացվել ադրբեջանական հսկողության տակ հայտնված քաղաքացիական ու նաև գերեվարված անձանց խոշտանգման, սպանության մոտ 40 գործ: Դրանք քննարկման փուլում են, որոշ գործերով դատարանը կիրառել է առաջնահերթություն: 30 գործով ևս գանգատ կներկայացվի Եվրադատարան:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ) - Դրանք նախապատրաստման փուլում գտնվող գործեր են: Կա՛մ գերության, կա՛մ Ադրբեջանի ԶՈՒ-ի ձեռքում հայտնվելու արդյունքում. այս դեպքերը տարբերակում ենք հրետակոծության դեպքերից:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ կան ևս 80 գերու առնչությամբ անվիճելի ապացույցներ: Բաքուն պնդում է, թե գերեվարված հայերը 45-ն են: ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչն ընդգծում է՝ Ադրբեջանը չի կարող հերքել այդ անձանց գերեվարման փաստը: Բոլոր այդ գործերը գտնվում են դատարանի վարույթում:
Սիրանուշ Սահակյան - Այլ հարց է, որ Ադրբեջանի կառավարությունը հետևողականորեն մերժում է գերեվարման հանգամանքները, բայց ապացույցների հիման վրա, կարծում ենք, դատարանը ևս կարձանագրի, որ գերեվարված են եղել: Այլ հարց է, թե ինչ ճակատագրի են արժանացել:
Ադրբեջանը ապօրինի քրեական հետապնդումներով դատական գործեր է սկսել բոլոր 45 գերիների նկատմամբ, հրապարակել է դատավճիռներ, գրեթե նույն հիմքերով նրանց դատապարտել 4-20 տարվա ազատազրկման: Սահակյանի կարծիքով՝ խիստ պատիժներ սահմանելով՝ Ադրբեջանը դա որպես լծակ է օգտագործում՝ ավելի շատ ազդելու Հայաստանի վրա: Բաքուն փորձում է նաև ստեղծել իբր օրինական հիմքեր՝ գերիների վերադարձը ձգձգելու համար:
Սիրանուշ Սահակյան - Բայց Ադրբեջանը ևս հասկանում է, որ կարող է խաղալ ժամանակի մեջ, սեղմ ժամկետներում, հասկանալի է, որ դատարանը քննություն չի հասցնի իրականացնել, բայց որոշակի ժամանակ անց Ադրբեջանը ստիպված է լինելու վերադարձնել՝ անկախ քաղաքական պահանջների կատարումից: Եվ դրա համար պետք է այս մեկ-երկու տարվա ընթացքը օգտագործի ճնշման նպատակներով:
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել ապօրինի դատապարտումների վերաբերյալ միջպետական գանգատ: Հայ գերիների դեմ շինծու քրգործերի առնչությամբ Եվրադատարան գանգատ է ներկայացրել նաև փաստաբանական խումբը: Բոլոր գերիների առնչությամբ կիրառվել են անհապաղ միջոցներ, դատարանը գործերը քննում է արագացված:
Սիրանուշ Սահակյան - Անգամ ադրբեջանական իրավապաշտպանական կառույցներն են իրականացրել մոնիտորինգ և արձանագրել, որ դատարանի իրավունքի բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, անգամ ներպետական օրենսդրության շրջանակում: Միջազգային չափանիշների առումով ավելի լրջագույն խնդիրներ ունենք:
Դատարաններն, օրինակ, գործել են քաղաքական պատվերով: Հայ գերիների դատավարության գործերում ներգրավված են դատավորներ, որոնք սև ցուցակում են՝ Ադրբեջանի ընդդիմության դեմ կայացրած ապօրինի դատավճիռների պատճառով: Մերժվել է պաշտպանության իրավունքը: Սահակյանի խոսքով՝ խախտումները բազմաթիվ են: Իսկ նման սկզբունքների խախտմամբ դատարանի որոշումները միջազգայնորեն չեն կարող ճանաչվել: