Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ծառայությունը՝ համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում:
«Լուրերի» նկարահանող խումբը հետևել է ընթացքին:
Հակահամաճարակային կանոնների պահպանումը վերահսկելու գործին միացել են նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները: Երկու շաբաթում 87 արձանագրություն է կազմվել՝ հիմնական խնդիրը դիմակի բացակայությունն է եղել:
Տեսչական մարմնի մասնագետի խոսքով՝ դրական միտում կա՝ վարորդները սկսել են հետևել կանոներին, սակայն քաղաքացիներից շատերը շարունակում են հանրային տրանսպորտում երթևեկել առանց դիմակի:
«Շուրջ 2 շաբաթ է՝ ՔՏՀԱ-ի ու ԱԱՏՄ-ի կողմից իրականացվում են ստուգայցեր հանրային տրանսպորտի ոլորտում: Կատարվել է մոտ 1000 մշտադիտարկում: Արձանագրություններ են կազմվել հանրային տրանսպորտի ոլորտում: 87 արձանագրություն է կազմվել ախտահանիչ հեղուկների, ինչպես նաև բացակայության հետ կապված: Սկզբնական օրերի մեր մշտադիտարկումներով՝ քաղաքացիները և մեր վարորդները դիմակներ չէին կրում: Օր օրի դրական տենդենց է նկատվում: Վարորդները կրում են, իսկ մեր քաղաքացիների մոտ դիմակները բացակայում են, ինչը մտահոգիչ է մեզ համար»,- ասել է ՔՏՀԱ-ի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի փորձագետ Գոռ Հարությունյանը: