Սյունիքի մարզի Սահմանամերձ Դավիթ Բեկ բանակավայրի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցի Աշոտ Հովհաննիսյանն է. փորձում է մտաբերել սիրելի բանաստեղծությունը, փոխարենը նշում է` ամեն ինչից վեր ինչ է սիրում:
Գիտելիքի օրը սահմանամերձ Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցը հյուրընկալեց ԱԺ պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանին և Սյունիքի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանին: Հյուրերը շրջեցին դպրոցում, զրուցեցին ուսուցիչների հետ:
Դավիթ Դանիելյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Մենք կարևորում ենք սահմանամերձ համայնքների խնդիրները: Այսօր քննարկեցինք այն խնդիրները, որոնք հրատապ են և անպայման կկարգավորենք:
ԱԺ պատգամավորը մասնակցեց նաև աշակերտական խորհրդի առաջին նիստին: Դպրոցականները դպրոց տանող ճանապարհի մասին խոսեցին՝ անմխիթար վիճակում է: Դանիելյանն էլ խոստացավ անդրադառնալ այդ խնդրին, ինչպես նաև գտնել տարբերակներ՝ վերակառուցելու ֆուտբոլի դաշտը:
Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը, կարևորելով սահմանամերձ նմանատիպ այցերը, խոսեց սպասվող ծրագրերից: Չգազիֆիկացված բնակավայրում՝ դպրոցում ջեռուցման խնդիրը կլուծեն արևային պանելների միջոցով: Եվրամիության ծրագիրն է:
Հայկ Հարությունյան, Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ - Այս փուլում սկսել ենք առաջնային խնդիրներից. 2 խնդիր մենք լուծեցինք՝ պատուհանների և տանիքի խնդիրը: Երրորդով ամբողջությամբ կլուծվի դպրոցի ջեռուցման հարցը:
Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցն այս տարի ունի 35 աշակերտ, 4-ը՝ առաջին դասարանցի: Դպրոցը 44-օրյա պատերազմի ընթացքում վնասվել է, պետական միջոցներով մասնակի նորոգում են իրականացրել, շուտով նաև կապիտալ նորոգում է սպասվում: