Սոնա Ղուզանյան (Բաղանիսի բնակիչ) - Էս ճանապարհը շատ լավ ա էս թաղամասի համար, ընդհանրապես գյուղի համար: Խոտ ա, անտառ ա, հողամաս ա՝ լրիվ էս կողմն ա, սելավների ժամանակ մեքենա չի կարողացել անցնի, ձմեռն էլ ներքևը կանգնել ա, ոտով բարձրացել:
Ճանապարհի շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց բաղանիսցի տիկին Սոնան արդեն անցյալ ժամանակով է խոսում իրենց գլխով անցած փորձությունների մասին: Սահմանամերձ Բաղանիսի գյուղամիջյան ամենաբանուկ և ամենաերկար ճանապարհը կառուցվում է առաջին անգամ՝ սուբվենցիոն ծրագրով, 70 տոկոսը՝ պետբյուջեից: Գյուղում սա երկրորդ սուբվենցիոն ծրագիրն է, նախորդը 2019-ին էր, երբ նորացվեցին խմելու ջրի չափիչ սարքերը:
Նարեկ Սահակյան (Բաղանիսի վարչական ղեկավար) - Այս թաղամասն է ընտրվել, որովհետև գյուղի ամենամեծ թաղամասերից մեկն է, ինչպես նաև ձմեռվա ամիսներին շատ անհարմար, ցեխ պայմաններ, նաև թեքությունը, այս ճանապարհն ունի նաև ռազմավարական նշանակություն:
Համայնքի միջոցներով ժամանակ առ ժամանակ խճապատվել է, բայց ամեն անգամ անձրևն ու սելավներն ավերել են: Խնդիրը կլուծվի տուֆապատման շնորհիվ:
Նարեկ Սահակյան - Սա Բաղանիսի համար նորություն է: Եթե ասֆալտապատվեր էս թեքության վրա, էլի չէր աշխատելու, շատ կարճ կյանք կունենար, այս տուֆը և՛ այլընտրանք է, և՛ գեղեցիկ, և՛ դիմակայուն:
Շինարարները Բաղանիսից են, տարբեր վայրերում տուֆով աշխատելու փորձ ունեն, հիմա ուրախ են, որ հերթը իրենց գյուղին է հասել: Ալեքսանդրն ասում է՝ հեշտ գործ չէ, բայց կարևորն արդյունքն է:
Ալեքսանդր Մադաթյան (Բաղանիսի բնակիչ) - Քար ա լինում, 3-4 անգամ եմ բարձրացնում, դժվար աշխատանք ա, բայց որակով ա:
140 մ առաջ են գնացել, դա գործի գրեթե կեսն է․
Լյովա Մարդումյան (աշխղեկ) - Այս ճանապարհը 1750 քմ է լինելու, 380 գծամետր երկարությամբ, միայն ճանապարհ չի, ջրագիծ ա, ոռոգման ջուր ա: Դանդաղ ա առաջ գնում, ճանապարհը նեղ ա, ձեռքի աշխատանքը՝ շատ ա, բայց ժամանակին կհասցնենք:
Այս ճանապարհը նաև դպրոց ու մանկապարտեզ է տանում, բաղանիսցիները հատկապես ուրախ են երեխաների համար, ստիպված չեն լինի մի քանի զույգ կոշիկ օգտագործել:
Անահիտ Կարապետյան (Բաղանիսի բնակիչ) - Երեխեքը չոր, ցամաք կգնան, դպրոցի տնօրենը մինչև անգամ ասում ա՝ ձեզ համար զապաս կոշիկ բերեք, որ հագնեք, ցեխում թաղված գնացել են:
Սուբվենցիոն ծրագրով սկսվել է նաև սահմանամերձ Կոթիի գյուղամիջյան մոտ 350 մ երկարությամբ ճանապարհի տուֆապատումը: