Մեկնարկել է ուսումնական նոր տարին։ Զուգահեռ մեկարկել է նաև ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։
Վաղ առավոտից մայրաքաղաքի խաչմերուկներում ծառայության էին դուրս եկել պարեկները։ Կարգավորվում էր ծանրաբեռնված երթևեկությունը, ապահովվում հասարակական կարգը, իսկ դպրոցների և ուսումնական հաստատությունների մոտ պարեկները կարգավորում էին երթևեկությունը, ապահովում դպրոցականների անվտանգ ճանապարհը դեպի դպրոց։
Դպրոցների բակերում նույնպես երեխաներին դիմավորեցին պարեկները։ Այստեղ ոստիկանները ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորեցին առաջին դասարանցիներին և ծաղիկներ նվիրեցին։ Ուժեղացված ծառայությանը ներգրավված են նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները՝ դպրոցական տեսուչներ, անչափահասների գործերով ոստիկաններ։
Մարզերում դպրոցականների անվտանգությունն ապահովում են ոստիկանության մարզային վարչությունների, տարածքային բաժինների, պարեկապահակետային ծառայության և ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Բոլոր քաղաքների ու բնակավայրերի դպրոցներ հաճախած առաջին դասարանցիներին անակնկալ մատուցեցին նաև մարզերի ոստիկանները։ Փուչիկներ ու ծաղիկներ նվիրելով փոքրիկներին՝ ոստիկանները նրանց մաղթեցին ուսումնական արգասաբեր տարի և հաջողություններ։
Նպատակը նույնն է՝ դպրոցականների տուն-դպրոց-տուն ճանապարհի անվտանգությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ, փողոցները հատեք միայն անցումներով։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները, դպրոցների մոտակայքում մի՛ գերազանցեք սահմանված արագությունը։
Միասին անենք ամեն ինչ՝ առանց անցանկալի դեպքերի ու պատահարների ուսումնական տարի ունենալու համար։ Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։