Ռազմագերիների թեման ակտիվանում է: Միջնորդ հանդիսացող Ռուսաստանը գնալով ավելի է սևեռում ուշադրությունն այս հարցին: Մեկնաբանելով Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան՝ «Լուրերի» հետ զրույցում նշում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Մասնագետն ընդգծում է՝ պատերազմից հետո առաջին անգամ պաշտոնական Մոսկվան հստակ ուղերձ հղեց Բաքվին՝ գերիների վերաբերյալ:
Գարիկ Քեռյան, քաղաքագետ - Ռուսական կողմն ի վերջո կանգնեց օբյեկտիվ դիրքավորման վրա: Իսկ ընդհանուր քաղաքական ենթատեքստը ես հետևյալ կերպ կձևակերպեմ. նկատվում է ռուսական կողմի շատ դանդաղ, բայց շարժ՝ դեպի որոշակի հայամետ շահերի պաշտպանության քաղաքական ուղղություն:
Արձագանքելով Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Բաքվին կոչ էր արել առանց նախապայմանի վերադարձնել հայ գերիներին, միաժամանակ ընդգծել՝ դա կարևոր հումանիտար քայլ կլինի և նշանակալի քայլ վստահության ձևավորման ուղղությամբ, որի կարիքն այդքան կա:
Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին նաև հայտարարել էր, որ Մոսկվան գոհ է ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից, համոզմունք հայտնել, որ կոմունիկացիաների գործարկումն ավելի հուսալի հիմքեր կապահովի ողջ տարածաշրջանի քաղաքական կարգավորման և բարգավաճման համար:
Գարիկ Քեռյանն այս համատեքստում համոզված է, որ Բաքուն Հայաստանի տարածքով «միջանցք» ունենալու իր նկրտումներում միայնակ է մնում:
Գարիկ Քեռյան - Հիմա եթե Ադրբեջանն ուզում է վերաձևակերպում մտցնել միջանցքի առումով, այստեղ մենք նույնպես տեսնում ենք, որ սկզբնական շրջանում հայկական կողմի հակադարձումը չեզոք կամ իներտ արձագանք էր ստանում ռուսական կողմից: Այս վերջին այցելության և հայտարարությունների ֆոնին՝ տեսնում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը մոտենում է հայկականին:
Մասնագետի կարծիքով՝ ռուսական կողմի դիրքորոշման որոշակի կոշտացումը կարող է պայմանավորված լինել Թուրքիայի դիրքերի ամրապնդմամբ Ադրբեջանում, ինչպես նաև Անկարայի ձգտմամբ՝ ուժեղացնել դիրքերը տարածաշրջանում: Այս ֆոնին հատկանշական է Արցախում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման վերաբերյալ տրամադրությունների որոշակի փոփոխությունը Բաքվում՝ ընդգծում է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Վերջին շաբաթներին Բաքվում մի քանի ցույց է անցկացվել, որոնց մասնակիցները բողոքել են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից: Մոսկովյան այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների առկայությունը հանրապետությունում նախադրյալներ է ստեղծում բնականոն կյանքի վերականգնման համար: