Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից 13 տարի անց Եվրոպական դատարանն օգոստոսի 31-ի ուշ երեկոյան հրապարակեց ընդդեմ Հայաստանի հերթական երկու վճիռը: Բարձր դատարանը խախտված ճանաչեց 2008-ին հայտնի 7-ի գործով դատապարտված Սասուն Միքայելյանի և Ալեքսանդր Արզումանյանի իրավունքները:
Հայաստանի նախկին արտգործնախարարը ՄԻԵԴ գանգատ էր ներկայացրել դեռ 2009 թվականին: Հենց այդ տարվա ամռանն էր նա դատապարտվել 5 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով: 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Արզումանյանն ընդդիմության առանցքային դեմքերից էր: Նա թեև համաներմամբ ազատ էր արձակվել հենց դատարանի դահլիճից, պնդում էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվել ու փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքները եղել են լիովին խաղաղ, մասնակիցները որևէ բռնության մտադրություն չեն ունեցել: Թե՛ 7-ի գործով դատավարության ժամանակ, թե՛ ստրասբուրգյան դատարանում նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Լուրերի» հետ զրույցում շեշտեց՝ շատ կարևոր է, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտումը:
Լիպարիտ Սիմոնյան, Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան - Խնդիրը կայանում է նրանում, որ խախտվել էր անձի ազատ արտահայատման ու հավաքներին մասնակցելու իրավունքը: Խաղաղ հավաքների մասնակցելու իրավունքը տվյալ դեպքում դիտարկվել է որպես զանգվածային անկարգությունների կազմակերպում:
Դեռ 2020-ի օգոստոսին Արզումանյանն արդարացման պահանջով բողոք էր ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան: Պաշտպանի խոսքով՝ թեև գործը վարույթ է ընդունվել, դեռ որևէ որոշում չկա: Սիմոնյանը նկատեց՝ եթե այդ դիմումով իրենց չբավարարող ակտ կայացվի, ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա նորից կդիմեն երրորդ ատյան:
Լիպարիտ Սիմոնյան - Եվրադատարանի դատական ակտը հիմք է՝ որպես նոր հանգամանք, օրինական ուժի մեջ եղած դատական հայտը վերանայելու համար:
Իսկ ինքը՝ Արզումանյանը, որ այժմ Սկանդինավյան երկրներում և Իսլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է, այսօր հրաժարավեց մեկնաբանություն տալ: Ի դեպ՝ ՄԻԵԴ-ի որոշմամբ Կառավարությունն Արզումանյանին պետք է նաև վճարի 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2600 եվրո` կատարված ծախսերի համար: Արդյոք կվերցնի՞ գումարը, թե՞ ոչ՝ նրա պաշտպանն ասաց՝ առայժմ որոշում չունեն:
Երբ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, նրանց մեջ էր նաև Սասուն Միքայելյանը: Այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավորը, որ միացել էր նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ իրենց բողոքը հայտնող քաղաքացիներին, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: 2008-ին մեծամասնություն կազմող իշխող կոալիցիայի քվեարկությամբ՝ Միքայելյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից և անազատության մեջ անցկացրեց 3 տարի 3 ամիս՝ ազատ արձակվելով համաներմամբ: «Լուրերի» հետ զրույցում Միքայելյանը վերհիշեց՝ նախաքննության ընթացքում իր դեմ վկայությունները կորզվել են բռնի ուժով:
Սասուն Միքայելյան, ԵԿՄ նախագահ - Այդ վկաներին բերել, ծեծել, ջարդել էին, սուտ վկայություն էին տվել: Երևի 9 վկա էր, այդ մարդկանց ստիպել էին ասել, որ կազմակերպիչը Միքայելյանն է:
Այն, որ այսքան տարի անց արդարությունը վերականգնվում է, թեկուզև ստրասբուգյան դատարանում, Միքայելյանի գնահատմամբ՝ կարևոր փաստ է: ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը Սասուն Միքայելյանին, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պետք է վճարի 9000 եվրո, ևս 3800 էլ նրա կատարած ծախսերի համար:
Մինչև այսօր Մարտի 1-ի գանգատներով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ արդեն 14 վճիռ է կայացրել, որոնց համար դիմումատուներին պետբյուջեից վճարվել է 126 000 եվրո: Իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի դեմ Եվրոպական դատարանը 147 վճիռ ունի, դրանցով արդեն 4 միլիոն եվրոյի փոխհատուցում է տրվել, առաջին վճիռն էլ 2007-ին է եղել: