Հայաստանը՝ «Խաղաղության մարտիկ»: «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի թիմային հաշվարկում մեր երկիրն արժանացել է ոսկե մեդալի: Առաջատարին հաջորդում է Ռուսաստանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելառուսը: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանում:
Արշակ Կարապետյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության մի շատ կարևոր շրջան, և այդ ամենը հաշվի առնելով՝ մենք ջանացել ենք անել ամեն ինչ, որ այս մրցույթը անցկացվի, և, արձագանքներից դատելով, այն կայացավ բավականին հաջող: Շնորհավորում եմ բոլորին՝ հաջողված մրցույթի կապակցությամբ, հուսով եմ, «Խաղաղության մարտիկ» մրցույթը Հայաստանում դարձել է տղամարդկության, քաջության և ռազմական եղբայրության տոնախմբություն և ծառայում է միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը՝ հանուն խաղաղության և անվտանգության:
Թիմային ոսկին այս տարվա մրցույթում Հայաստանի միակ մեծ մեդալը չէ. «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում առաջին անգամ տղամարդկանց անհատական հաշվարկով հաղթել է մեր երկրի ներկայացուցիչը՝ ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը:
Հայկ Հակոբյան (ՀՀ ԶՈՒ հավաքական թիմի անդամ, ավագ-լեյտենանտ) - Ունեցել եմ «Ատլետ» նոմինացիայից առաջին տեղ, առաջին տեղ ունեցել եմ երգի և պարի կոնկուրսում՝ պարել եմ, երրորդ տեղ ունեցել եմ «Պրոֆեսիոնալ» նոմինացիայում, ու տենց շարունակ նոմինացիաների մեջ էլի տեղեր եմ ունեցել անհատական վազքից, ժիմից: Բոլոր փուլերը դժվար էին, ամեն փուլն իր դժվարությունն ուներ, էս տարի թիմերը շատ պատրաստված էին:
Կանանց անհատական հաշվարկով Հայաստանին բաժին հասավ երկրորդ հորիզոնականը, իր թիմին մեծ թվով մեդալներ էր բերել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը: Իսկ առաջատարը Ղազախստանն էր: Ավագ սերժանտ Բակիժանովան պատմում է՝ իր համար ամենից բարդ մրցափուլը տեղանքում կողմնորոշումն էր: Իսկ Ռուսաստանի հավաքականից կուրսանտ Նիկոլայ Լագուտենկոն էլ դարձել է ռեկորդակիր:
Նիկոլայ Լագուտենկո (Ռուսաստանի հավաքականի անդամ) - Այո՛, ես Կալաշնիկովի ավտոմատից կրակելու ռեկորդ եմ սահմանել: Նախորդ ռեկորդը 134 միավորն էր, ես ռեկորդ եմ սահմանել հնարավոր 150-ից 139 միավորով: Իհարկե, կցանկանայինք առաջին հորիզոնականը, բայց, ընդհանուր առմամբ, արդյունքներից գոհ ենք, կպարապենք և հաջորդ տարի կգանք ավելի ուժեղ, կձգտենք առաջին հորիզոնականին: Իսկ տպավորություններս միայն դրական են:
Մրցույթի մեկնարկը տրվել է օգոստոսի 22-ին, նախորդ տարվա համեմատ այս տարի մասնակից երկրների թիվն ավելացել էր 2-ով: Ընդհանուր առմամբ, այս տարի մրցույթին մասնակցել են վեց երկրի զինված ուժերի ներկայացուցիչներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի և Քաթարի թիմերը: Վերջինը, սակայն, այս տարի դիտորդի կարգավիճակ ուներ: Մրցույթի համար պատասխանատու Զինված ուժերի վարչության պետը վստահեցնում է՝ հատկապես հետպատերազմյան շրջանում մեր բանակին այս հաղթանակը պետք է թթվածնի պես, ինչը կօգնի նաև ինտեգրվել միջազգային մրցույթներում:
Արթուր Պողոսյան (ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ) - Ես համոզված եմ, որ եկող տարի որպեսզի հաջողությամբ հանդես գանք, պետք է անպայման նորամուծություններ մտցնենք, պետք է ավելի շատ քրտինք թափենք, որպեսզի պատրաստվենք: Դուք նկատեցիք, որ այս խաղը բովանդակային առումով մի քանի բաղադրիչներ ունի. այստեղ և՛ ռազմական սպորտն է, այստեղ և՛ ռազմական մշակույթն է, ինչպես նաև մարտական ներդաշնակում՝ հատկապես պրոֆեսիոնալում, հատկապես հրաձիգում, դիպուկահարների մրցույթում:
Բանակային խաղերում մեկ կանոն է գործում՝ իրենց խոսքում նշում են կազմակերպիչները՝ կա հաղթող, բայց չկան պարտվողներ:
Հայկ Մարգարյան (ՀՀ ԶՈՒ հավաքական թիմի ղեկավար, գնդապետ) - Ամեն առավոտ, ամեն պարապմունքից հետո, հատկապես մեր համար այս տարին դժվար տարի էր, առավել քան երբևէ, բոլոր մասնակիցները գիտակցորեն պատկերացրել են ու մտածել են, որ պետք է հաղթենք այս տարի, և ամեն ինչ արել են այդ ճանապարհին, որ այս տարվա հաղթանակը լինի մեզ:
Իսկ հաղթանակը Հայաստանի զինված ուժերի թիմը նվիրեց 44-օրյա պատերազմի հերոսներին, հայ ազգին: Ասում են՝ այս հաղթանակն ապացույց է, որ հայոց բանակը ուժեղ եղել է ու կա: