ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Կրթությունն է միակ գործիքը, որով մարդը ճանաչում է խնդիրները և գտնում դրանց լուծումները, սեպտեմբերի մեկի շնորհավորական ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծել՝ համավարակով պայմանավորված՝ այս ուսումնական տարում ևս պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ Իսկ մեր երկրի մինչև 2050 թվականի ռազմավարությանն ընդառաջ՝ կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսօր Հայաստանում մի կողմից գործազրկության ու աղքատության լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից՝ մասնագետների պակաս։ Մեր աշխատաշուկայում որակյալ ճարտարագետների, գյուղատնտեսների, ֆինանսիստների, բայց նաև խոհարարների, զոդողների, խառատների մեծ պահանջարկ կա, որ հնարավոր չի լինում լրացնել մասնագետների պակասի պատճառով։ Այսօրինակ երևույթները, որոնք մարդու բարեկեցության ու տնտեսության զարգացման խոչընդոտ են, կրթական համակարգում առկա խնդիրներն են ի ցույց դնում։ Այս է պատճառը, որ կրթական ոլորտի բարեփոխումները կառավարության առաջնային անելիքների ցանկում են։
Արդեն ընդունվել են նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, բարձրորակ մանկավարժական կադրերին խրախուսելու համար և գործարկվել մանկավարժական կադրերի որակավորման շարունակական բարձրացման մեխանիզմները, որը պիտի զուգորդվի աշխատավարձերի բարձրացման հետ:
Նիկոլ Փաշինյան - Նաև՝ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում ենք կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ։ Այս ամենի նպատակը մեկն է՝ որակյալ կրթությունը պիտի սկսվի մանկապարտեզից և պիտի հասանելի լինի բոլոր մարզերի, բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին, որոնք պիտի իրենց կրթությունը միջին մասնագիտական և/կամ բարձրագույն կրթական հաստատություններում շարունակելու իրագործելի հնարավորություն ունենան։
ՈՒՍՈՒՄԸ ԲԱՑՈՒՄ Է ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ, համարձակ ու վստահ լինելու կոչով է սեպտեմբերմեկյան շնորհավորանքը սկսել նախագահ Սարգսյանը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Այս ուսումնական տարին մեկնարկում է Հայաստանի անկախության 30-ամյակի շեմին: Դուք կերտում եք երկրի ապագան, ինչպես 30 տարի առաջ Հայաստանի և Արցախի անկախությունը կերտեցին ձեր ծնողները, տատիկ-պապիկները, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում մեր նախապապերն են պայքարել հանուն ազատության, անկախության և ապագայի: 21-րդ դարը մտքի ու գիտելիքի, տեխնոլոգիաների ու ստեղծարարության դար է։ Մենք կարող ենք և պարտավոր ենք մասնակից լինել աշխարհի սրընթաց զարգացմանն ու առաջընթացին։ Մեր ժողովրդի տաղանդն աշխատասիրության, նպատակասլացության, պատասխանատվության հետ ձեռք ձեռքի կարո՛ղ է արդյունք ստեղծել:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ Է ՄԱՂԹԵԼ
Կրթության պատասխանատուների ջանքերը հայրենասեր, բարեկիրթ և բազմակողմանի զարգացած քաղաքացի կերտելուն ուղղելու կոչ ունի ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում գիտելիքը փոխարինվում է լրահոսով, ակադեմիական կրթությունը` պարզեցված այլընտրանքներով: Համբերատար, շրջահայաց աշխատանքի, անհատական ջանքի արդյունքում է միայն հնարավոր կայուն գիտելիքի սերմանումը, կուտակած փորձի փոխանցումը: Այսօր, ավելի քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ են սովորող և կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված և մրցունակ ուսանողներ: Ուսումնական տարվա հաջող մեկնարկ եմ մաղթում, համավարակը թող չստվերի ուսումնառության ընթացքը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Մեր երկրի մեծ մարտահրավերները հաղթահարելու միջոցը ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելն է, սեպտեմբերմեկյան ուղերձում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս - Աստծո առատ շնորհներն ենք հայցում այսօր կրթօջախներ մուտք գործող մեր սիրեցյալ զավակներիդ, մաղթում մտքի ու հոգու կորով, անդուլ ջանասիրություն։ Գիտցեք, որ ուսման մեջ ձեր ձեռքբերումները հաղթանակներ են, որոնք պիտի ծառայեցնեք ձեր անձնական կյանքի, ձեր ընտանիքների և մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Եկեղեցու օրհնությամբ է սկսել Գիտելիքի և դպրության օրը: