Կարճ դադարից հետո՝ ուսումնական տարվա մեկնարկին, համալսարանի դրոշը նորից վեր է բարձրանում:
Ապագա արևելագետը ֆակուլտետն է փնտրում: Արարատը հասցրել է ուսումնասիրել մասնագիտական պրակտիկան բարձր կուրսերում: Եգիպտոս, Հորդանան, Լիբանան... մայր բուհը գերազանց սովորողներին կօգնի արտասահմանյան պրակտիկայի հարցում:
Արարատ Խաչատրյան (ԵՊՀ ուսանող) - Սկզբնական շրջանում գիդ կաշխատեմ կամ արտգործնախարարությունում հետո կաշխատեմ, կամ ցանկացած գերատեսչությունում:
Ուսումնական տարվա մեկնարկին պետական համալսարանում ուրախ մթնոլորտ է: Ռեկտորի պաշտոնակատարը համամիտ չէ, թե կառույցն անկառավարելի է, պարզապես աղմուկն է անհիմն: Անելիքները շատ են, աշխատում են ըստ ծրագրի:
Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար) - Կենտրոնացել ենք վարչական բարեփոխումների վրա, բայց որոշ ժամանակ անց կանցնենք նաև կրթական ծրագրերին, կտեսնենք՝ ինչպես են կրթական ծրագրերն իրականացվում:
Ուսանողների թվի առումով գլոբալ խնդիրներ այս տարի չեն եղել, բացառությամբ մի քանի ուղղությունների: Ֆիզիկան, ռադիոֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, երկրաբանությունը տարիներ շարունակ եղել են համալսարանի առաջատար ֆակուլտետները: Նոր ռազմավարություն են մշակում այս մասնագիտությունները շուկային համապատասխանեցնելու համար:
Ռաֆիկ Հակոբյան (ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան) - Դպրոցականները և ծնողները արդեն գիտակցում են, որ Հայաստանին շատ անհրաժեշտ է ֆիզիկան, առանց ֆիզիկայի և տեխնոլոգիաների նման երկիրը չի կարա զարգանա:
Գիտական հաջողություններով, ստացված ցուցանիշներով անցած տարի կենսաբանության ֆակուլտետը հաջողությամբ մի քանի ծրագրեր է իրականացրել: Միայն թե խնդիրը երիտասարդ կադրերի պակասն է, փորձում են միջազգային ծրագրերի օգնությամբ գերազանց կադրերին ներգրավել կրթական գործընթացներում:
Էմիլ Գևորգյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան) - Այսօր մենք ֆակուլտետում ունենք գիտական լուրջ պոտենցիալ, ունենք գիտահետազոտական ինստիտուտ, որը գործում է ֆակուլտետի ներսում, բացել ենք երկու գիտակրթական կենտրոններ, որոնք մեր երիտասարդ կադրերի՝ համաշխարհային բանկում հաղթելու շնորհիվ է:
Մայր բուհը պետք է դառնա գիտահետազոտական կենտրոն: Նոր համագործակցություն են սկսել միջազգային գիտական կենտրոնների հետ: Ռեկտորի պաշտոնակատարը, կանխատեսումները վերլուծելով, ծրագրում է նոր մասնագիտություններ: Որոշ ոլորտներ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում շուկայից դուրս են մնում:
Հովհաննես Հովհաննիսյան - էս տեսանկյունից ևս անելիքներ կան, հատկապես ՍՏԵՄ ոլորտում, որն այսօր աշխարհում առաջանցիկ ուղղություններից մեկն է, և դրա հետ կապված ծրագրեր ունենք նոր դպրոց ունենալու հետ կապված, որպեսզի մենք պատրաստենք այն սերունդը, որոնք կգան համալսարան և կդառնան մասնագետներ:
Արագ զարգացող աշխարհում Հայաստանը պետք է ունենա պաշտպանական և ռազմարդյունաբերական գիտահենք լուծումներ: Պոլիտեխնիկում նախատեսում են ունենալ ժամանակակից գիտահետազոտական համալիր, ներգրավված գիտաշխատողներով, թեմատիկ ֆինանսավորմամբ աշխատող գիտնականներով, ուսանողներով:
Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր) - Տարբեր ուղղություններով աշխատող գիտնականներին մի հարկի տակ, արդյունավետ միջավայր նյութատեխնիկական բազայով զինված ծրագրերի մշակման համար:
Կարևոր բաղադրիչը գիտական մտքի ապրանքայնացումն է՝ հոդվածը դարձնել շոշափելի արդյունք: Աշխատում են գործատուների հետ՝ հասկանալու համար մասնագիտական պահանջարկը: Օտարերկրյա ուսանողների ներգրավման համար նախատեսում են ստեղծել նոր ենթակառուցվածքներ:
Գոռ Վարդանյան - Որպես տեխնոլոգիական համալսարան՝ հիմա մշակում ենք էլեկտրոնային համալսարանի կոնցեպտը, այսինքն՝ ուսումնական գործընթացի ողջ թվայնացմամբ և ուսանողի հետ մաքսիմալ թվային տեխնոլոգիայի միջոցով կապի ապահովման հնարավորությունը, որը հնարավորություն կտա կրթությունը ապահովել ամբողջությամբ էլեկտրոնային:
Կրթությունը միայն լսարան չէ, պոլիտեխնիկում այս տարի նախագծում են ստեղծել նոր ենթակառուցվածքներ՝ առողջ ապրելակերպից մինչև նոր աշխատանքային տարածքներ: Աշխատում են ամեն ուսումնական տարի համալսարան ներմուծել ժամանակակից կրթական նոր մոտեցումներ: