Հայաստանում խաղողի այգիներն անձնագիր կունենան: Այդ նպատակով Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 2020 թվականից իրականացնում է խաղողի տնկարկների ռեեստրի ստեղծման աշխատանքներ: Որքան խաղողի այգիներ ունենք, հատկապես որ շրջաններում են խաղող աճեցնում, ինչ տեսակի, ինչ ոռոգման համակարգ է ներդրված, և ովքեր են այգիների սեփականատերերը. ստեղծվելիք միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը կտա ոչ միայն այս հարցերի պատասխանները:
Տեղեկատվական համակարգը հնարավորություն կտա վերահսկել խաղողի աճեցման, մթերման ու վերամշակման գործընթացները:
Խաղողի այգիների քարտեզագրումն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Արդեն քարտեզագրվել են Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի խաղողի այգիները:
Այժմ աշխատանքները տվյալների հավաքման փուլում են:
Ռեեստրը թույլ կտա նաև գնահատել խաղողի այգիների ընդհանուր վիճակը, մասնավորապես, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը:
Կառավարությունն իրականացնում է ոլորտի աջակցության մի շարք ծրագրեր: Ռեեստրի գործարկումը թույլ կտա առավել թիրախավորված և նպատակային իրականացնել այդ ծրագրերը:
Այս տարի խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքներ կիրականացվեն նաև Վայոց ձորի և Տավուշի մարզերում: Ռեեստրի ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին: