Վարդգես Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև: Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ:
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ:
Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել
անհրաժեշտ գույք:
Ի դեպ, նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135-րդ և 143-րդ դպրոցները: