Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին և հանդես եկել ելույթով։
Նախարարն Արցախի Հանրապետության ստեղծումը համարել է ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական հանգուցալուծում, հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից և միասնության ամենավառ դրսևորումներից մեկը։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչումը եղել է և կմնա պետականաշինության և արտաքին քաղաքական հիմնարար ուղղություններից մեկը։
Նախարարը նաև ընդգծել է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանման կարևորությունը և արցախապահպանությունն ու արցախակենտրոնությունը որակել որպես համայն հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներ՝ այս համատեքստում շեշտելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։