Արցախի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել՝ նվիրված հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին: Արցախի ազատության համար զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նկատել է՝ անկախ պետականության հռչակումն ազգային ազատագրական պայքարի իրավական հանգրվանն էր:
Արթուր Թովմասյան, Արցախի ԱԺ նախագահ - Մենք այսօր անցկացնում են Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված հատուկ նիստը՝ հիմքում ունենալով Արցախյանն 3 պատերազմների նահատակների պատվիրանները: Հույսով ու հավատով լեցուն՝ բոլորս պետք է համոզված լինենք, որ անկախության հռչակման հետագա հոբելյանները մենք և մեր սերունդները կտոնենք արժանապատիվ կերպով ու խաղաղված հոգով:
Արցախի ժողովուրդն ընտրել է արժանապատիվ ապրելու ուղին՝ գիտակցելով, թե ինչ թանկ գին պետք է վճարել այդ ընտրության համար՝ օրհնանքի խոսքում նշել է հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ - Կամավոր ընտրեց և վճարեց այդ գինը: Բազում փորձություններ հաղթահարելով՝ ազատեց Արցախը, որպեսզի այնտեղ կարողանա իրականություն դարձնել իր հռչակագիրը:
Հատուկ նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ: Փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է՝ 20-րդ դարավերջին հայերի գոյությունն Ադրբեջանում դարձել էր անհնար, և Արցախի ժողովուրդն այլընտրանք չուներ, քան օգտագործել ինքնորոշման իրավունքը:
Ռուբեն Ռուբինյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ - Հետագա տարիները՝ այդ թվում առաջին Արցախյան պատերազմը, Ապրիլյան և 44-օրյա պատերազմները, այդ պատերազմներին նախորդած և հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը շարունակվում է: Եվ Արցախի ժողովուրդն այս տարիների ընթացքում մի քանի անգամ ստիպված է եղել ապացուցել իր հաստատակամությունը՝ պաշտպանելու սեփական իրավունքները, պաշտպանելու հայրենիքը:
Հայաստան-Արցախ միասնականությամբ պետք է հաղթահարել նոր մարտահրավերները՝ շնորհավորանքի խոսքում նշել է «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյան, ՀՀ ԱԺ պատգամավոր - Մենք պետք է պարտադրենք Ադրբեջանին հրաժարվել ռազմական ճանապարհով հարցի լուծումից և գալ խաղաղ կարգավորման դաշտ: Դա, բնականաբար, երբեք իր շահերից չի բխել:
1991 թվականի սեպտեմբերի 2-ի հանրապետության հռչակագիրը նույն տարվա դեկտեմբերի 10-ին ամրագրվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով, ինչը չի արել Ադրբեջանը՝ անտեսելով սեփական ժողովրդի կարծիքը՝ նկատել է Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Ադրբեջանն անտեսել է սեփական ժողովրդի կարծիքը և չի կազմակերպել հանրաքվե, ու նրա անկախությունը խարսխված է միայն ներկայացուցչական մարմինների որոշումների վրա: