ԹԲԻԼԻՍԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԵՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Թբիլիսին հրաժարվել է ԵՄ 75 մլն եվրոյի օգնությունից. ըստ վերլուծաբանների` դատական բարեփոխումներ չանցկացնելու համար: Դա Եվրամիության հերթական տրանշն էր: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը կարող է թույլ տալ հրաժարվել դրանից, քանի որ վերջին շրջանում տնտեսական աճ է գրանցել, և դրա անհրաժեշտությունը չկա: Որպես եվրոպական օգնությունից հրաժարվելու գլխավոր պատճառ Ղարիբաշվիլին նշել է երկրի արտաքին պարտքը կրճատելու նպատակը:
ԿԿԱՅԱՆԱ ԲԱՅԴԵՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը մինչ այս արդեն երկու անգամ հետաձգվել է Քաբուլում տեղի ունեցող զարգացումների պատճառով։ Նրանք, սակայն, հանդիպման ավարտին մամուլի ասուլիս չեն անցկացնի: Երեկ երկու երկրի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում ռազմավարական գործակցության վերաբերյալ։ Պենտագոնը հայտարարել է, որ Կիևին կհատկացնի 60 մլն դոլար նոր ռազմական օգնություն:
ԱՄՆ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ՎԵՐԱՓՈԽԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ ԱՄՆ-ն այլևս երբեք չի փորձելու վերափոխել երկրները ռազմական ճանապարհով: Նա նշել է, որ երբ առաջադրվել էր նախագահի պաշտոնում, խոստացել է վերջ տալ պատերազմին և հիմա կատարում է խոստումը: Զորքերի դուրսբերումը միայն Աֆղանստանին չի վերաբերում, ասել է ԱՄՆ նախագահը և ընդգծել, որ մարդկանց իրավունքներն աշխարհում այսուհետև կպաշտպանեն դիվանագիտական և տնտեսական միջոցներով: Աֆղանստանից 120.000 մարդու տարհանումը նա բացառիկ հաջողություն է անվանել:
«ԹԱԼԻԲԱՆԸ» ՄՏԱԴԻՐ Է ՍՊԱՆԵԼ ՓԱՆՋՇԵՐԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
«Թալիբան» շարժումը մտադիր է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդին: Հայտարարել է Տաջիկստանում այդ երկրի դեսպանը: Թալիբների կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում է Քաբուլից դեպի հյուսիս-արևելք գտնվող Փանջշերը, որ շրջափակված է լեռներով, ինչն դժվարացնում է դրա գրավումը: