Նոր՝ 30-րդ թատերաշրջանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սկսում է երեք նոր բեմադրությունների աշնանային պրեմիերաներով և «Փափլիկի» փառատոնային շարունակական հաղթարշավով:
Չեխովյան փառատոնում «Փափլիկի» փայլուն հաջողությունից հետո սեպտեմբերի վերջին թատրոնը Մոպասանի ստեղծագործության իր յուրօրինակ մեկնաբանությամբ կներկայանա Վլադիվոստոկի միջազգային թատերական փառատոնում: Նարինե Գրիգորյանին հատկապես ոգևորում է թատերական հետաքրքիր շփումների ու փորձի փոխանակման հնարավորությունը:
Մոպասանի երբևէ չհնացող ստեղծագործությունը բեմադրող ռեժիսորին գրավել է իր վառ թատերայնությամբ, ապա նաև՝ դերասանախմբի համար փայլուն դերակատարումների հնարավորությամբ: Ավելի ուշ համավարակն ու պատերազմը շատ շեշտադրումներ են փոխել՝ ընդգծելով կեղծ, ամպագոռգոռ հայրենասիրության, փարիսեցիության և իրական արժեքների բախումը:
Ռուսաստանյան գործընկերները, որ հիացած են այս բեմադրությամբ, համավարակի նվազման դեպքում քննարկում են միջազգային մեծ շրջագայության հնարավորությունը՝ Բրազիլիա, Չինաստան և այլ երկրներ, իսկ առայժմ վարպետաց դասերի հնարավորություն են ընձեռել հայ գործընկերներին:
Իսկ նոր՝ հոբելյանական թատերաշրջանում թատրոնն իր հավատարիմ հանդիսատեսին կներկայանա հրաշալի խաղացանկով: Այս թատերաշրջանում կլինեն՝ Օ՛Հենրիի «Եվ նորից գարուն», Նիլ Սայմոնի «Յոնքերսում մոլորվածները» և, իհարկե, ամանորյա հեքիաթի նորամուտները: Մանկական ներկայացումն իր լավատեսության ուղերձով անպայման կհասցնեն Արցախ, որն այս պահին թատրոնի համար ամենակարևոր հասցեն է: