Տաջիկստանում Աֆղանստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է, որ երկրները, որոնք աջակցում են թալիբներին, չպետք է շտապեն ճանաչել շարժումը:
Դեսպանը համոզված է, որ «ՄԱԿ-ին նույնպես պետք է ներգրավել Աֆղանստանում խաղաղության գործընթացին, որպեսզի մեր երկրի ժողովուրդների բոլոր շահերը՝ ազգային և կրոնական, հաշվի առնվեն, որպեսզի թալիբները կատարեն իրենց խոստումը և նոր կառավարության կազմում ընդգրկեն Աֆղանստանի բոլոր ուժերին»:
Դեսպանը զգուշացրել է, որ «Թալիբանն» այլևս նախկին մեկ միասնական խմբավորումը չէ, այսօր դրա կազմում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարներ, և շարժումը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների:
Դեսպան Ագբարը հայտնել է նաև, որ թալիբները ծրագրել են վերացնել Փանջշիրում ընդդիմության առաջնորդ Ահմադ Մասուդին, քանի որ մտավախություն ունեն, որ դիմադրության շարժումը կարող է տարածվել երկրի մյուս նահանգներ:
Ըստ վերջին տեղեկությունների՝ բախումները աֆղանական դիմադրության ուժերի և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև շարունակվում են Փանջշիր, Փարվան և Բաղլան նահանգների տարբեր շրջաններում: